27.3.11

Դու ինձ մի լքիր * Ne me quitte pas

Բոլոր ժամանակների ամենազորեղ երգերից մեկը, որ տասնյակ տարիներ հնչել է Ժակ Բրելի, Մայսա Մատարազոյի, Նինա Սիմանեի, Խուլիո Իգլեսիասի, Ստինգի, Պատրիսիա Կասի և այլոց կատարմամբ, այսօր թարգմանվել է նաև հայերեն` պահպանելով ստեղծագործության ողջ իմաստն ու ուժը:

Ստորև տեղադրված է երգի հղումը Մայսա Մատարազոյի կատարմամբ, խորհուրդ եմ տալիս կարդալուն զուգահեռ լսել այն:

-------

Դու ինձ մի լքիր, մոռացիր ամենը`
Այն, ինչ չի անցնում ու չի մոռացվում,
Բաժանվելով մենք ընդամենը
ժամանակին ենք հանձնվում:
Խնդրում եմ, մոռացիր մեր վատնած ժամերը,
Մեր ծնած ցավերը, մեր ստեղծած սպիները,
Նորից բացիր կնիքված դռներդ,
Որ այնտեղ մտնեն իմ նոր արարքները:
Քեզ կնվիրեմ գոհարներ անձրևի`
Բերված մի երկրից, ուր չկա անձրև,
Կպատեմ մարմինդ ոսկով արևի`
Տալով մարմնիդ անթերի մի ձև:
Կստեղծեմ երկիր, որտեղ օրենքները
Թելադրում է սերը, ուր չկա կռվի օր,
Այնտեղ կպատռեմ ես իմ դիմակները,
Իսկ դու կլինես այնտեղ թագավոր:
Դու ինձ մի լքիր, իմ հիմար բառերը
Ստիպել են ինձ, որ էլ չխոսեմ:
Ես գիտեմ ինչպես են վառվածները
Երկրորդ անգամ փյունիկացել,
Ու գիտեմ ինչպես մի արքա զորեղ
Չասելով ոչինչ մահացավ, գնաց...
Մի՞թե մեր սիրուն չկա ոչ մի դեղ
Ու նա գնալու է արքային համընթաց
Հիմա ես գիտեմ, ինչպես են բոցերը
Բոցկլտալով հրաբուխ դառնում
Ու գիտեմ ինչպես անբերրի հողերը
Երբեմն ավելի են պտղաբեր լինում:
Մի՞թե գիշերվա թախծոտ երկնքում
Իմ անմեղ կիրքը չի կարող ապրել:
Կարմիրն ու սևը ոչ մի դաշինքում
Չհամադրվող երբեք չեն եղել:
Դու ինձ մի լքիր, ես այլևս չեմ լացի,
Ես այլևս չեմ խոսի, ես կթաքնվեմ,
Կդառնամ դիտող քո անց ու դարձի,
Հեռվում թաքնված քեզ կհետևեմ:
Թույլ տուր , որ դառնամ քո ստվերի ստվերը,
Քո ձեռքի ստվերը, քո շան ստվերը:
Դու ինձ մի լքիր, դու ինձ մի լքիր, դու ինձ մի լքիր...

Թարգմանեց` Միշել Պասկալը