2.6.13

Բավական է հեղեղել ատելությամբ

Վերջին օրերին Ստամբուլում կատարվող իրադարձությունները ոտքի են հանել ակտիվիստների տարբեր երկրներում, ովքեր իրենց սոլիդարությունն են ցուցաբերում և սատարում Թուրքիայի ակտիվիստներին:
Հայ ակտիվիստները ևս անտարբեր չմնացին. ստորագրահավաք կազմակերպվեց, բազմաթիվ քննարկումներ սկսվեց սոցիալական ցանցերում: Իհարկե այս ամենն անպատասխան չմնաց ծայրահեղականների կողմից, միանգամից հիշեցին «ավանդական» և «քրիստոնյա» հային վայել հարձակումներն առցանց հարթակներում: Էլի կարդում ես «վառել, թափել, վերացնել, մորթել» ու բազում այլագրեսիվ բառակույտեր ու մտածում, որ այլ կերպ չէին էլ վարվի, եթե իրենց ազգակցին նման բաներ կցանկանան, ազգակցի նկատմամբ բռնություն կկիրառեն, ապա ով ասեց այլոց նկատմամբ նման կերպ չեն վարվի:
Բայց հարցը թուրքը չի, հարցը նրանց ազգայնական ու հակահայկական գաղափարները չեն: Այստեղ ավելի մարդկայնության գործոնն է, որ շատերի մոտ ի սպառ վերացել է կամ չի էլ եղել: Ինչպես կարող ես հանգիստ նայել, երբ մեկին ծեծում են ու սպանում, շատ հեշտ կրակում մարդու վրա: Մի՞թե այսքան տմարդ ենք դարձել, որ հանգիստ նայենք դրան ու մի բան էլ խրախուսենք: Չեմ հասկանում ինչքանով են ուրախացողները քրիստոնյա (քանի որ միշտ նշում են քրիստոնեությունը), եթե քրիստոնեություն այլ բան է քարոզում: Չնայած ինչ իմանան դրանք, թե քրիստոնեությունն ինչ է քարոզում, եթե որոշ հոգևորականներ իրենց ելույթներով մարդկանց իրար դեմ են դուրս բերում, պառակտում հասարակությանը, իսկ ագրեսիվ ծայրահեղականների արանքները գովերգում ու նրանց օրհնում:
Ինչ կատարվում է Թուրքիայում, դա ժողովրդավարության կայացման համար ուղղված պայքար է: Թուրքերի կողքին պայքարում են նաև թուրքահայեր ու այլ ազգային փոքրամասնություններ, ովքեր ապրում են այդ հողի վրա: Իսկ մտահոգվելով կատարվածի մասին, դու մտահոգվում ես մարդկանց մասին, ովքեր ուզում են փոխել այդ երկիրը:
Այսօր Գերմանիան գիտակցում և ընդունում է իրենց իրականացրած կոտորածը, իսկ ինչու չհավատալ, որ մի օր Թուրքիան էլ, ժողովրդավար դառնալով, կգիտակցի ու կընդունի Եղեռնը:
Իհարկե Թուրքիայում էլ կան ազգայնականներ, հայատյացներ, հանցագործներ, բայց չի կարելի բոլորին մեկ չափանիշով ընդունել, քանի որ այնտեղ քիչ չեն մարդիկ, ովքեր ընդունում ու գիտակցում են հայերի նկատմամբ կատարվածը: Բավական մարդկանց եմ ճանաչում, ովքեր բնակվում են Թուրքիայում ու շատ անգամներ անկեղծ նշում, որ ցավ են ապրում այն ամենի համար ինչ կատարվել է 1915թ-ին: Հույս ունեն, որ մի օր Թուրքիան խիզախություն կունենա իրականությունն ընդունելու:
Մի անգամ Ֆորումի էլ մասնակցում, որտեղ քննարկվում էր Թուրքիայի խնդիրները, երկրում տիրող խտրականությունն ու անարդարությունները: Անհամբեր սպասում էի, որ խոսնակն ավարտեր ելույթը ու ես միանգամից բարձրաձայնեի 1915-ից մինչև հիմա տիրող իրավիճակի մասին, Եղեռնի մասին, հայատյացության մասին: Ուզում էի հասկանալ, ինչ է արվում երկրի ներսում ու խոսնակի վերաբերմունքը իմանալ: Հարյուրավոր ներկաների մեջ այնքան ձեռքեր բարձրացրեցին հարցեր տալու համար, նյարդայնացել էի, որ ինձ կարծես հերթ չի հասնելու, իսկ քննարկման համար կես ժամ էր հատկացված:
Մեկ-երկու հարցերից հետո բարձրաձայնեցին հենց թուրք երիտասարդները, այն մասին, որ տարիքով հայ կանանց են բռնաբարում, դրան հաջորդեց հարցը Եղեռնի մասին, որ Թուրքիան դեռևս մերժում է իրականություն, մյուս թուրք երիտասարդը խոսեց այն մասին, որ ազգային փոքրամասնությունները չեն ճանաչվում Թուրքիայի կողմից, և նրանց իրավունքները ոտնահարվում են: Ու այսպես իրար հետևից բազմաթիվ հարցեր էին հնչեցնում, հենց այնպիտի հարցեր, որոնք ես կցանկանայի տալ: Այդ մարդիկ նույնիսկ չգիտեին, որ հայեր կան դահլիճում, բայց ավելի կարևորում էին հենց այդ խնդիրները ու մտահոգված էին: Ես ապշել էի ու չէի պատկերացնում, որ Թուրքիայում իրենք այդքան խիզախ կլինեն, նույնիսկ «Գենոցիդ» բառը կարտասանեն ու դեռ ավելին, նման հարցադրումներ կանեն:
Հետո մոտեցա, ծանոթացա մի քանիսի հետ, փորձեցի հասկանալ ինչու հենց հայերի վերաբերյալ հարցեր տվեցին: «Հնարավոր չէ այլևս անարդարությունը հադուրժել, Թուրքիան պետք է ընդունի Եղեռնը և դադարեցնի հալածանքները հայերի և մյուս ազգերի նկատմամբ»,- ասաց  երիտասարդներից մեկը, և մնացածը համաձայն էին նրա հետ: Նույնիսկ հարցրեցի, միգուցե նրանցից ոմանք հայ են, բայց բոլորն էլ ասացին, որ թուրք են, իսկ երկու աղջիկ` քուրդ:
Եվ այսօր, նրանցից ոմանք, նրանց նման մտածողները, նրանց ընկերները կանգկած են կյանքի ու մահի առջև, պայքարում այդ երկրի շտկման համար, իսկ ես կրկին զարմանում, ինչպես կարող է հայը ուրախանալ ու դեռ քաջալերել սպանությունը, դաժանությունը, բռնությունը: Ինչքան կարող են դահիճ լինել և ֆաշիզմով հեղեղել մարդկանց գլուխները:
Ոչ ոք, անկախ ազգությունից, չպետք է բռնության ենթարկվի, որտեղ էլ նա ապրի: Մի ուրախացեք ուրիշի դժբախտության վրա, դա ձեզ ավելի լավը չի դարձնի: