13.8.13

Հոգով, սրտով ձախլիկ

Բարև ձախլիկներ, այսօր մեր միջազգային օրն է: Հազիվ թե մեզանից մեկը կնշի դեպք, երբ մեր օրերում դաժանությունների են ենթարկել ձախլիկի, զուտ ձախ ձեռքով գրելու, հաց ուտելու կամ գործ անելու համար:
Իսկ նախկինում, յուրաքանչյուր մշակույթ յուրովի էր պատժում ձախլիկներին, նրանց համարում էին վհուկ, չարագործ, սատանա, լավագույն դեպքում` տարօրինակ: Նրանց նկատմամբ կիրառում էին «ուղղիչ» աշխատանքներ կամ պատժում: Եթե անձը չեր թաքցնում իր ձախլիկ լինելը, ապա դժվար թե խուսափեր բռնությունից, իսկ հաճախ նրանց այրում էին կամ հանրային կախաղան բարձրացնում: Եվ այս ամենն արդեն անցյալում է, չեմ կարծում, որ այս օրերին որևէ երկրում նման մոտեցում այլևս գոյություն ունի:
Դեռ փոքր էի, ընտանիքիս անդամները նկատում էին, որ ձախ ձեռքս ավելի շատ եմ օգտագործում քան աջը, առանձնապես ճնշում չէի գործադրում աջլիկություն սովորացնելու համար, միայն տատս էր հաճախ կրկնում, որ ամոթ է, ճիշտը աջ ձեռքով գործ անելն է: Երբ ուզում էի մի բանով օգնած լինել տատիկիս, միանգամից ասում էր. «գնա էն կողմ, քու էրածդ գործերը թարս պդի էղնին»: Ի դեպ, նա ինձ շատ էր սիրում: Բա որ կողքից ասում էին. «ձախդ շատ մի օգտագործի, սրտի մոտ է, լավ չի»: Թե ո՞ր մի ուսումնասիրության հիման վրա էին այդ եզրակացությանը հանգել:
Առաջի դասարան գնացի 1989-ին: Հա, հնություն եմ: Դասղեկս սովորոցնում էր ձեռք բարձրացնելու կանոնները. «ապա մի բոլորս բարձրացնում ենք մեր աջ ձեռքերը»: Ես էլ էի աջս բարձացնում, մի տեսակ անհարմար էր, բայց ստիպված, որովհետև մյուսները, երբ ձախն էին բարձրացնում, ստանում էին մի քանի «քաղցր» խոսք:
Հերթը հասավ գրիչ բռնելուն, դաժան էր, ախր մինչև դպրոց գնալը ձախ ձեռքով էնքան լավ էի նկարում: Նկարչական դպրոց էի գնում, ձախով եզրագծերն էի անում, աջով գունավորում: Դասատուս հպարտանում էր, ասում էր. «էս էրեխեն բազմակողմանի զարգացած է, էրկու ձեռով միաժամանակ գործ կենե»: Դե արի հիմա աջով գրիչ բռնի ու մի հատ էլ սիրուն գրի: Ինչ արած, գոռգռոց լսելու հավես չկար: Ստացվեց, որ հիմա 2 ձեռքով էլ կարող եմ գրել, ուղղակի աջս ավելի զանգացրեց իմ «ճշտի» դպրոցը: Քանի չեմ մոռացել մի բան էլ ասեմ իմ դպրոցից: Էն ժամանակ Գյումրու պրիստիժ դպրոցն էր, էսօր փակվելու վրա է, այլևս անգլիացիները փող չեն տալիս, որ դպրոցը գոյատևի, էլ ում տնգլին է թիվ 20 դպրոցի մասին հոգ տանելը:
Ինչ լավ էր, գոնե հաց ուտելս չէին վերահսկում, մինչև հիմա գդալը ձախով եմ բռնում, էնքան հարմար է, աջով ճաշ ուտեմ հաստատ վրաս կլցնեմ:
Ուսանող տարիներիս ամեն ինչ փոխվեց, նույնիսկ ձախով գրող կուրսեցիներս հարգված էին ու մյուսների մոտ հետաքրքրություն էին առաջացնում: Դե ես էլ որ պահին որ ձեռքս հարմար էր լինում դրանով էի գրում:
Հիմա էլ նեղվելու բան չունեմ ձախլիկ լինելու համար: Հազիվ թե Սքուեր-ուանով թեյ կամ սուրճ չխմեմ, որովհետև իրենց բաժակները զուտ աջլիկների համար է, մի տեսակ զիզի-բիզի թեքություն ունի, ձախով բաժակը բռնելու համար չի, մինչև բերանիդ էլ մոտեցնես կարող է վրադ թափվի: Կամ էլ ուրիշ սրճարաններում, որ ամեն ինչ սեղանին դնում էն աջ ձեռքով կիրառելու համար, ես էլ տեղափոխում են ամեն անգամ: Հա լավ, մեծ բան չի, կարևորը ձախլիկության համար չարագործ վհուկ չեն անվանի:
Ու ոնց քցում բռնում եմ մարդկությանը միշտ վհուկի կերպար է պետք, 20-21-րդ դարերի վհուկներն էլ դարձել են գեյերը: Ոնց համեմատում եմ նույն «պրոգրեսով» գնում է, ուզում են այրել, մեկուսացնել, բռնության ենթարկել:
Ամեն ժամանակաշրջանն ունի իր վախերը, իսկ վախերը ծնվում են անտեղյակության պատճառով, երբ մենք փակվում ենք ու ոչինչ «չենք տեսնում, չենք լսում, չենք խոսում»:
Մեկ ուրիշ պատմություն էլ կա բաց գույնի աչքեր ունեցողների հետ կապված, որ լող տանք տարբեր ազգերի անցյալներով, ինչե~ր կգտնենք:
Դե լավ վհուկներ ջան, այ կներեք, ձախլիկներ ջան, եղած-չեղած 10 տոկոս ենք կազմկում: Հպար եղեք այն ամենով ինչ ունենք, իսկ ինչ չունեք` ձգտեք, որ ունենաք: Չլինի-չլինի ստեղծագործական ջիղ հաստատ կունենք, ասում են ձախլիկների ուղեղի աջ կիսագունգը լավ քոքած է: Դե ուրեմն էլ ավելի կատարելագործվեք: