13.11.10

Ես կապ չունեմ նրանց հետ

«Ամեն համայնք պետք է զբաղվի իր հարցերով, ամեն մեկը պետք է բարձրաձայնի իր խնդիրները, այլապես ուրիշ ոչ ոք դա չի անի»: Շատ եմ լսում նման արտահայտություն, նույն կարծիքը հնչեց նաև երեկ, երբ ԼԳԲՏ անձիք և նրանց պաշտպանները դժգոհեցին լրատվամիջողների լռությունից:
Լավ, հասկանում եմ ինչ ի նկատի ունեք, բայց ինչպես ընկալեմ այն փաստը, երբ դաժան կտտանքների արդյունքում ինչ որ հաստատությունում մեկը զոհվել է: Նա չի կարող այլևս զբաղվել իր անձնական շահերով, ոչ էլ իր նմանները, նրանք ևս մահացել են: Լրագրողները գրո՞ւմ են այս մասին: Այո, լուսաբանում են ոչ թե այն պատճառով, որ անձը մահից առաջ կանչել է լրագրողին վերջին խոսքն ասելու, այլ երևույթ նրանց հուզում է:
Երբ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություններ են կիրառում, նա նույնսիկ կարող է չգիտակցել դա լավ բան է, թե վատ, ճիշտ է, թե սխալ: Նույն երեխայի համար ավելի սարսափելի կարող է թվալ բժիշկը, ով իրեն սուր ասեղով ծակում է կամ ատամն է հեռացնում: Բայց մենք` մեծերս գիտակցում ու բարձրաձայնում ենք մանկապղծության մասին, պահանջում պատժել հանցագործին:
Շատ դեպքերում բռնությունը, անարդարությունն ու խախտումները մեզ կարող է ավելի անհանգստացնել, եթե գիտակցենք, որ ինքներս կամ մեր մտերիմները կարող են հայտվել այդ շրջանակի մեջ: Այդ դեպքում մի՞թե չենք գիտակցում, որ նույն ԼԳԲՏ հիմնահարցերը ինչ-որ կերպ կարող են կապ ունենալ մեզ հետ:
Միգուցե մեր ամենամոտ ընկերը նույնասեռական է, նա ով ամեն հարցում մեր կողքին է եղել, ով հարազատից էլ թանկ է, միգուցե քո արյունակիցը գենդերափոփ է, ում հետ մանկուց անբաժան եք եղել, ի վերջո ձեր զավակը կարող է ունենալ ոչ ձեր նախընտրած սեռական կողմնորոշում կամ գենդերային ինքնություն:
Մենք բոլորս ցանկացած իրավիճակներում կարող ենք դառնալ անհանդուրժողականության զոհ, մեր տեսակը կարող է համարվել խոցելի, մենք կարող ենք կազմել որևէ փոքրամասնության մաս:
Օտար երկրում հայերի նկատմամբ կարող են կիրառվել բռնություն` որպես ազգային փոքրամասնություն: Սպորտային կազմվածքով հասակակիցների շրջապատում ծաղրանքի կարող է արժանանալ մեծ փորով երիտասարդը: Հարևանների համար բամբասանքի թեմա դառնալու հավանականություն ունի ընտանիքը, որտեղ չեն կարող երեխա ունենալ: Բարձրահասակներին են հաճախ պիտակավորում ընկերները, ծաղրանքի գլխավոր հերոս դարձնում կարճահասակներին: Մարդուն նայելուց անմիջապես մտավոր կարողություններն են չափում մազերի գույնով, իսկ մազերի երկարությամբ սեռն են որոշում:
Երբ խոսում ենք հանդուրժողական վերաբերմունքից, շատերիս թվում է, թե հանդուրժելով լավություն ենք անում դիմացինին` չպատկերացնելով, որ հանդուրժելով առաջնային դրական քայլն անում ենք ինքներս մեր նկատմամբ:
Դեռևս վաղուց ուսումնասիրություններն ապացուցել են, որ դրական վերաբերմունքն ու զգացմունքները, համերաշխությունն ու հանդուրժողականությունը դրական են անրադառնում մեր առողջությանը, աշխատանքին ու շրջապատին:
Նույն փաստերը հիմնավորվում են նաև ագրեսիվ, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի դրսևորումների մասին: Նման բացասական զգացմունքների արտահայտումը օրգանիզմում առաջացնում են թույներ, որոնք կարող են վնասել մարսողական, նյարդային և ի վերջո սրտանոթային համակարգերը, այն կարող է հանդիսանալ նաև ուռուցքային հիվանդությունների գոյացման պատճառ:
Այստեղից պետք չէ հետևություն անել, որ «նրանք ավիրեցին մեր կյանքը», այլ պետք է գիտակցել, որ բացասական զգացմունքների վրա հիմնված «մենք վնասում ենք միմյանց և հատկապես ինքներս մեզ»: