20.11.09

Խայտառակվեց Արարատ FM-ը

Արդեն մեկ շաբաթից ավել է ինչ գործընկեր կազմակերպությունների հետ մշակում ենք դեկտեմբերի 1-ին կայանալիք «ՁԻԱՀ-ի Դեմ Պայքարի Համաշխարհային Օրվան» նվիրված հանրային միջոցառման նախագիծը: Բոլորս բավական հուզված ենք, քանի որ նախատեսում ենք նմանը չունեցող ու տպավորիչ միջոցառում:
Այս տարի ՁԻԱՀ-ի Համաշխարհային Շարժումը այդ օրվա խորագիրն է ընտրել «Համըդհանուր Հարգանք և Մարդու Իրավունքներ»: Այս խորագրով պետք է ամբողջ աշխարհը բարձրաձայնի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ խարանի ու խտրականության պատճառով ի հայտ եկող խնդիրները, պետք է հասարակությանը տրամադրի ճշգրիտ տեղեկատվություն վարակի վերաբերյալ: Արի ու տես, ոմանք եթեր լրացնելու համար մարդկանց ուղեղը խայտառակ ու անգրագետ տեղեկություններով են ծանրաբեռնում:
Այսօր գործընկեներիցս մեկը զանգահարեց ինձ, անհանգստացած ձայնով հայտնեց, որ ոմն Մհեր, ՁԻԱՀ-ի մասին սխալ տեղեկատվություն է տրամադրում Արարատ FM-ի ռադիոեթերում: Ես նույնիսկ չկասկածեցի, միանգամից գուշակեցի, որ դա լրագրող Մհեր Բաղդասարյանն է, դե մի քանի տարի առաջ YES ամսագրում կատարյալ անգրագիտություն էր գրել կրկին ՄԻԱՎ վարակի ու նրա փոխանցման ուղիների վերաբերյալ, մի խոսքով, դեռահասների ուղեղ կրծել լրագրողական տգիտությամբ (այդ ամսագիրը հիմանակնում դեռահասներն են կարդում):
Ցավոք կարողացա լսել հաղորդման վերջին 5 րոպեն, պատկերացրեք, եթե այդ մի քանի րոպեների ընթացքում ականջներս վառվեց թյուր տեղեկություններից, ուրեմն ինչե~ր էր լսել իմ գործընկերը ողջ հաղորդման ընթացքում:
Զարմացա 2 փաստի վրա, որ հանճար զրույցը նպաստում էր կատարելագործել հաղորդավարուհի Կարինա Դանիելյանը, բացի այդ, այդպես էլ 2002 թվականից այս կոմղ իրենց մոտ թարմ տեղեկատվություն չկար:
Ամեն ինչ ավելի հեշտ է, քանի որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը գրեթե ամեն եռամսյակ տրամադրում է նոր տվյալներ: Վիճակագրական տվյալների համաձայն աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասնում է 32 - 33 միլիոնի, իսկ Մհերի ու Կարինայի համար 42 միլիոն է նշված, դե հիմա խեղճ հաղորդավարներն ինչ իմանան, թե որ աղբյուրից օգտվեն, լրագրողներին նման բաներ չեն սովորացնում երևի: Եթերում էլի անիմաստ տվյալներ հնչեցին, ուղղակի գլուխս պայթվեց, չհասցրեցի գրանցել, մի տեսակ աչքերիս դեմը սևացան, էլի պատկերացրեցի, թե ինչ մեծ սիրով է մայր բուհը լրագրողի դիպլոմ տալիս իր տաղանդավոր ուսանողներին (հույս տվեք, ասեք, որ իրենք ինչ-որ անհայտ մասնավոր հաստատությունում են սովորել, կամ էլ լրագրողի դիպլոմ չունեն, ծանոթով են ընդունվել աշխատանքի):
Մենք` ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում աշխատողներս պայքարում ենք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ կիրառվող խարանի ու խտրականության դեմ, բժիշկներն ու դեղագործներն անում ամեն ինչ, որ մարդիկ չմահանան ՄԻԱՎ-ի պատճառով, իսկ ամենագետ լրագրողները առանց ամոթի նշում, որ ՄԻԱՎ-ն ունի վատ ավարտ, վատ վախճան, պարզից էլ պարզ է, որ մարդիկ մահանում են: Չմանրանամ:
Ամոթ է, դեռ ասում են, որ միջոցառում են կազմակերպել դեկտեմբերի 1-ին ու չգիտեն էլ, ինչպես է կոչվում այդ օրը, նրանց համար դա ՁԻԱՀ-ի կանխարգելման միջազգային օր է:

16.11.09

ՄԻԱՎ իրազեկման հոլովակներ

2006թ. աշխատում էի Բժիշկներ Առանց Սահմանների միջազգային մարդասիրական կազմակերպության հունական բաժանմունքի Գյումրու գրասենյակում որպես սեռական առողջության խորհրդատու:
Մոտենում էր դեկտեմբերի 1-ը, որն ամբողջ աշխարհը նշում է որպես ՁԻԱՀ-ի Համաշխարհային Օր: Կազմակերպությունն ամեն տարի տարբեր հանրային միջոցառումներ էր իրականացրել` սևեռելով Շիրակի մարզի բնակչության ուշադրությունը խնդրին: 2006թ. համար պատասխանատուներ ընտրվեցին ես ու իմ գործընկեր Գուրգենը: Ամբողջ աշխատանքնային թիմով որոշեցինք նկարել մի փոքր ֆիլմ, որը կպատմեր ՄԻԱՎ-ի տարածվածության ու այդ ոլորտում աշխատող կազմակերպությունների մասին:
Ֆիլմում տեղ գտան նաև 3 հոլովակներ, որոնք մշակված էին իմ ու Գուրգենի կողմից: Ստորև կարող եք դիտել այդ հոլովակները:



վերջինը ցավոք այնքան էլ չեմ սիրում, քանի որ կարծրատիպեր պարունակող կադրեր կան

13.11.09

Սովետը ճիշտ էր, գրքերն էլ թարմացնելու կարիք չունեն

Պատկերացնել նույնիսկ չէի կարող, թե ինչպիսին կարող են լինել Երևանի Պետական Համալսարանի դասախոսներ, դեկավարններ և այլ դիրք զբաղեցրած «գրագետ ու կարդացած» անձիք:
Երբ ուսանողները փորձում են հետազոտություններ անցկացրել կամ աշխատություններ գրել նույնասեռականների վերաբերյալ, ապա ղեկավարները կամ պատասխանատուները չեն զսպում իրենց էմոցիաներն ու սեփական ենթադրությունների հիման վրա կարող են համոզել ուսանողին` փոխել աշխատանքի թեման:
Ու ինչ կարող եմ ասել. նման մարկանց ես գրագետ չեմ համարում, գրագետ մարդը չի խոսում մի թեմայի շուրջ, ինչի մասին քիչ կամ ընդհանրապես տեղեկատվություն չունի, իսկ մեր «գիտունները», դեռ ավելին, ենթադրություններ են անում ու իրենց հեղինակավոր ու համոզիչ մտքերը հիմնում անձնական ենթադրությունների վրա: Նրանք ներկայացնում են մեր հույսն ու ապագան` մայր բուհը:
Հետաքրքիր է, իսկ բուհի գրադարանում 40-ական թվականներից հետո թարմացվե՞լ է գրադադարանը: Քանզի 1973թ-ին Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը վերջնական հանեց նույնասեռականությունը հիվանդությունների շարքից, ամեն դեպքում մեր համալսարանի հոգեբանության բաժնի ուսանողներ սովորում են, որ դա հիվանդություն է, դեռ ավելին, Հանրապետության գլխավոր ու ոչ այնքան, հեղինակավոր ու եթերներում փայլատակող հոգեբույժներն ու սեքսոլոգները համոզում են, որ բուժում են նույնասեռականությունը: Նույնասեռականների ծնողներին խաբելով` փողեր են շորթում հավանաբար, ականջի վրա կտրվածքներ են անում, մի քիչ էլ ուրիշ խաղեր են խաղում, պապաներն էլ հավատում են: Իսկ մամաները հավատալու բան չունեն, ամուսինը ոնց հրամայեց կինն այդպես էլ պիտի շարժվի:

նկարը "Prayers for Bobby" ֆիլմից

9.11.09

Կին... հայ կին

Կնոջ հարցը մեկ այլ պատմություն է: Միշտ լսում եմ, որ տղամարդը պետք է հարգի ու սիրի կնոջը, հոգատար լինի կնոջ նկատմամբ: Մի տեսակ թվում է, այլ մոլորակից էակներ ենք բերել ու հոգ ենք տանում նրանց մասին: Մտածում են, եթե կինը վախենում է տղամարդուց, ուրեմն հարգում ու սիրում է: Չէ, սերն այլ բևեռում է, վախն` ուրիշ:
Հայ տղամարդը աղջկան մանկուց զոմբիացնում է, որ հենց մեծանան` կառավարելի դառնան: Կնոջը որպես ապրանք են նայում, նվաստացնում ու ստրուկի պես վարվում նրանց հետ: Շատ հաճախ երիտասարդ տղաներից կլսես. «Մեծանամ, շատ փող աշխատեմ, տում առնեմ, ավտո, կնիկ, դե ձեռքի հետ էլ մի երկու հատ երեխա կունենամ, կնիկս կպահի»:
Կնոջը դարձնում են լվացք անող, ճաշ եփող, տուն մաքրող, երեխա խնամող մի էակ: Ախր հիմա լվացքի մեքենաներ կան, սպասք լվացող մեքենաներ, պատրաստի ճաշեր, դե Ճապոնացիներն էլ լավ ռոբոտներ են պատրաստում, օր օրի կատարելագործում են տեխնիկայի ոլորտը, բա էլ կինն ում համար է՞, միևնույնն է սեքսում էլ կնոջ հետ ազատ չեն, տղամարդիկ նախընտրում են այլ կանանց հետ հարաբերություն ունենալ, տղեքի հետ էլ վատ չի ստացվում, ասում են դա էլ իր տեղն ունի:
Չեմ կարող անտարբեր լինել այն փաստին, թե ինչ ցավալի են ընդունում աղջիկ երեխա ունենալը, լավ է գոնե հետամնաց ցեղերի նման չեն սպանում աղջիկ երեխաներին: Չնայաց շատ եմ լսել, երբ կինն աղջիկ երեխա է սպասում, աբորտ են անում: Մի քիչ տարբերվում ենք վերոհիշյալ ցեղախմբերից:
Դե լավ, շատ վատ բաներից պետք չի խոսել, լավ տղամարդիկ էլ կան, շատ չեն, բայց գոնե ոմանք նրանց տեսնում ու նախանձում են, սակայն չեն արտահայտվում, միգուցե չեն էլ գիտակցում, թե ինչքան հանգիստ է կյանքը, երբ սերն ու հարգանքը փոխադարձ է, սիրելիներն էլ անկեղծ են միմյանց նկատմամբ:

8.11.09

Հոմոֆոբիա

Հոմոֆոբիա – հունարեն հոմոս` մեկ կամ նույն, ֆոբոս` վախ:
Բացատրվում է որպես վախ և զզվանք, կամ խտրականություն ընդդեմ նույնասեռականության կամ նույնասեռականների (հոմոսեքսուալ):
Այն հաճախ արտահայտվում է որևէ վարքով, օրինակ խտրական վերաբերմունք, կամ վախի և հակակրանքի միջոցով:
Տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1971թ, չնայած երևույթը նկատելի է եղել 1950-ականների կեսերից: 1971-ին առաջին անգամ հոմոֆոբիա բառն օգտագործվեց անձը բնորոշելու համար, որը բացատրվեց որպես հոգեկան խանգարում ուղղված նույնասեռականներին:
Խորհրդային Միության տարիներին նույնասեռականությունը համարվել է քրեորեն պատժելի Հայաստանում և նույնասեռականներին նկարագրելու համար օգտագործվել են վիրավորական և նվաստացնող տերմիններ, ինչպիսիք են` արվամոլ, համասեռամոլ, “մոլ” վերջավորությամբ տարբեր տերմիններ, նաև ռուսերենից ու թուրքերենից վերցված այլ հայհոյանքներ: Չնայած նման բառերը դեռևս հայկական բառապաշարից դուրս չեն եկել, բայց 2003թ-ից այլևս նույնասեռ հարաբերությունների համար օրինական պատիժներ չեն կիրառվել: Ի հակադրում օրենքի, մինչ օրս մույնասեռականների իրավունքները ոտնահարվում են, նրանք երթարկվում են ֆիզիկական, հոգեբանական ր սեռական բռնությունների հասարակության և օրենքի պաշտպան կոչված ոստիկանների կողմից:
Ի դեպ, կան ֆոբիաներ, որոնք կառուցված են ավանդույթների ու կարծրատիպերի հիման վրա և այնպիսիք, որոնք առաջ են գալիս սեփական կողմորոշումը թաքցնելու համար:
Բավական բացասական վերաբերմունք են դրսևորում իշխանավորները և երկիրը ղեկավարող համակարգի անդամները, ովքեր համարում են նույնասեռականությունը հիվանդություն, շեղում, խանգարում և ազգային անվտանգության սպառնալիք:
Օրինակ ինչպես որոշ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ ապրում է նորմալ հայկական արժեքային համակարգով, ընդունում է, որ մարդը իրավունքներ ունի, որոնք չպետք է ոտնահարվեն, բայց, օրինակ, սեռական փոքրամասնություններին, որպես հայ տղա, չեն ընդունում ու այդ երեւույթին կտրուկ դեմ են: Կամ լիովին նորմալ է Հայաստանում լինել առողջապահական ոլորտի աշխատող ու չկարդալ Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության պարզաբանումները, որ 1973թ. նույնասեռականությունը հանվել է հիվանդությունների շարքից:
Նման քայլերը մեծապես տգիտության արդյունք են, որն արտահայտվում է ճնշող հայրիշխանական համակարգը պաշտպանելով ու ներկայացնելով որպես համազգային արժեք: Հեղինակավոր պետական գործիչների կողմից արտահայտված կարծիքները կարող են հասարակության կողմից ընկալվել որպես պաշտոնական քաղաքականություն։
Անհանդուրժողականություն է դրսևորում նաև քրիստոնեական եկեղեցին` համարելով նույնասեռականություն մեղք: Իսկ լրատվամիջոցները, երբ խոսում են նույնասեռականության մասին, ապա հաճախ կապում են այն հանցագործությունների հետ, ՄԻԱՎ վարակի, թմրադեղերի կամ մարմնավաճառության: Ուրեմն նման ապատեղեկատվությունից ի՞նչ պետք է սովորի հեռուստադիտողը կամ դեռահասը` իր սիրելի ամսագիրը կարդալուց:


նկարը Կարեն Միրզոյանի

7.11.09

Մենք հո անասուն չենք, Աստված մարդուն ստեղծել է իր նման

Հայաստանի Բրիտանական Խորհուրդի աջակցությամբ նոյեմբերի 4-ին Ռադիո Հայը կազմակերպել էր եթեր` նվիրված սեռական կողմնորոշվածությանը, խտրականությանն և կարծրատիպերին` ուղղված սեռական փոքրամասնություններին Հայաստանում: Հաղորդման հյուրերն էին քահանա Տեր Ղազար Պետրոսյանը և լրագրող Լուսինե Վայաչյանը:
Ինչպես և սպասվում էր քահանան իր ագրեսիվ ու դաժանություններ քարոզող խոսքով փորձում էր ազգին հետ պահել նույնասեռականներից, իսկ հազորդավարները, չնայած որ հաճախ էին հիշեցնում իրենց հանդուրժող լինելու մասին, երբեմն օգտագործում էին խտրական տերմիններ, օրինակ` համասեռամոլ, տարասեռականներին անվանում նորմալ, կամ դառնում քահանայի խոսքերի կողմնակից:
Քահանան, ինչպես և կվարվեին մյուս բոլոր եկեղեցականները, սոդոմական պատմություններից այն կողմ չէր էլ անցնում, ու հետաքրքիր է, ինչո՞ւ է նրա համար միայն նույասեռականությունը տպավորիչ եղել, չէ՞ որ այդ քաղաքում շատ ավելի հետաքրքիր դեպքեր են պատահել ու սուրբ գրքում նույնասեռականության մասին ամենաքիչն է խոսվում:
Այստեղ շատ տեղին է հիշել Վայաչյանի մեջբերումը. «Աստված ասաց սիրեք զմիմեանս, բայց չի ասել, թե ում սիրենք»:
Քահանան փորձեց նույնիսկ քարոզել և խրախուսել նախկինում մարդկանց իրագործած սխրանքները, մարդասպանությունը` հիշեցնելով, որ առաջ նույնասեռականներին քարկոծում էին: Չմոռացավ նաև հայ տղամարդուն «վայել»` կնոջը նվաստացնող տողեր արտաբերել, որ նույնիսկ «շնացող» կանաց էին քարկոծում: Բացի այդ, ինչո՞ւ է եկեղեցին շան նման բարի ու հավատարիմ կենդանուն վատ առիթներում ու վատ համեմատություններում օգտագործում: Մի՞թե կենդանիներին նվաստացնելը ընդունված է եկեղեցու կողմից:
Ցավալի փաստերից է, որ եկեղեցին չի վստահում գիտնականերին ու համաշխարհային հարգանք վայելող բժիշկներին, անտեսում է նրանց հետազոտություններն ու բազում տարիների ուսումնասիրությունները, քանզի քահանան վստահ պնդեց, որ նույնասեռականությունը մարդը ձեռք է բերում կյանքի ընթացքում` միջավայրի ազդեցության ներքո, դա հոգու հիվանդություն է:
Ամեն անգամ, երբ հոգևորականներից լում եմ, որ Աստված դատում է, սիրտս կտոր-կտոր է լինում, մարդիկանց դատում է, պատժում, իսկ ո՞վ պետք է սիրի ու օգնի:
Դե նույասեռականությունն այս հաղորդման ընթացքում էլ համարվեց սրբապղծություն, իսկ սրբերի ու Մեծ մարդկանց ինտիմ կյանքը քննարկելը բացառվում է, քահանան պնդեց, օրինակ` Գրիգոր Լուսավորչի անձնական կյանքը պարզ գրված է, որ նա մի կին է ունեցել ու հավատարիմ է եղել կնոջը, այնուհետև անցել կուսական կյանքի: Դեմ չեմ ու լիովին վստահում եմ նրա հավատարմությանն ու անկեղծությանը: Սակայն ովքե՞ր են գրառում այլոց կենսագրականները, ինչքանո՞վ վստահել նրանց: Քահանան ու լրագրողները աններելի համարեցին Լուսինե Վայաչյանի հետաքրքրվածությունը Լուսավորչի անձնականով:
Հետաքրքիր է, ինչո՞ւ չի կարելի սրբերի ինտիմ հարցերը քննարկել, ինչո՞ւ չի կարելի Մեծ մարդկանց սեռականությունը քննարկել, իսկ նույնասեռականների անկողին առանց թույտվության կներխուժեն, կքննարկեն ու բամբասանքի թեմա կդարցնեն, և դա լիովին ընդունելի է:
Հաղորդման ընթացքում քահանայի ելույթը բավական ինքնավստահ էր, կարծես ծանոթ էր ողջ հայ ժողովրդի գլխի ու տան պարունակությանը` թողնելով ամենագետ մարդու տպավորություն:
Մի քանի նախադասություն էլ նշեմ քահանայի խոսքերից. «Եթե մարդը փակվելով կապաշխարհի, ուրեմն պետք է փակել նրան: Մի բան է մեղք գործել, այլ բան մենք քարոզել ու արդարացնել, դա ավելի սարսափելի է: Կնքվածը` քրիստոնեության զինվոր է, եթե միասեռական ես, ուրեմն դավաճանում են կրոնդ»:
Նորից հիշեցի, երբ քահանան քարոզում ու արդարացնում էր մարդկանց քարկոծելու երևույթը հին ժամանակներում:
Որպես վերջաբան էլ մեջբերեմ Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Նաիրա Մկրտչյանի ռասիզմ, անհանդուրժողականություն ու ատելություն քարոզող և ազգայնամոլական խոսքերը.
– Երևույթը պարտավորվում է դրսից ու մեր գենետիկային դա բնորոշ չէ, դա ապազգային է, մեր ավանդույթները պիտի պահպանվեն, դեմ ենք այս հակաբնական երևույթին, արիացիներին դա բնորոշ չէ: Եկեք ոչ թե արևմուտքի վատն ընդօրինակենք, այլ լավ բաները: Հիմա դա հսկայական չափերի է հասնում արտասահմանում ու պարտադրում են նաև Հայաստանին: Որոշ երկրներում դա ավանդույթ է:
Այնուհետև Նաիրա Մկրտչյանը նույնասեռականությունը համեմատեց թմրամորության ու մարմնավաճառության հետ ու պնդեց, որ հայ հասարակությունը այդ 3 երևույթները չի ընդունում: Չգիտես որտեղից ենթադրեց, որ հոգեբանները ասում են` դա սխալ դաստիարակության արդյունք է, հիվանդություն է և պետք է բուժել: Տեսնես նման անգրագետ հոգեբաններին ո՞վ է դիպլոմ տալիս: Մի քիչ կասկածեցի Երևանի Պետական Համալսարանի վրա: Դե կասկածելու առիթ կա, Հայաստանում շատ են անգրագետ հոգեբանները, խելացի սեքսապատոլոգ էլ, որ գտնես, ամուր պահի, հազվագյուտ նմուշ կլինի:
– Մենք հո անասուն չենք, Աստված մարդուն ստեղծել է իր նման, - հուզմնունքն արտահայտեց տիկին Մկրտչյանը:
Երբեմն զարմանում եմ, տեսնես ովքե՞ր են ավելի շատ Աստծո կերպարով ստեղծվել, կնոջը վարկաբեկող, ստորացնող ու ստրկության վերածող տղամարդիկ, թե՞ կիրթ, հանդուրժող ու բարի մարդիկ, նրանց սեռական կողմորոշման մասին էլ չեմ խոսում, դե շատերը թաքուն են պահում, իրենց գործն է: Ի դեպ, ինչու եմ մտածում, որ Աստված տղամարդու կերպար կունենա. դե առաջ Ադամին ստեղծեց, համ էլ ինչ հայ տղամարդ, եթե մտածի այլ կերպ: