Այս տարի ՁԻԱՀ-ի Համաշխարհային Շարժումը այդ օրվա խորագիրն է ընտրել «Համըդհանուր Հարգանք և Մարդու Իրավունքներ»: Այս խորագրով պետք է ամբողջ աշխարհը բարձրաձայնի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ խարանի ու խտրականության պատճառով ի հայտ եկող խնդիրները, պետք է հասարակությանը տրամադրի ճշգրիտ տեղեկատվություն վարակի վերաբերյալ: Արի ու տես, ոմանք եթեր լրացնելու համար մարդկանց ուղեղը խայտառակ ու անգրագետ տեղեկություններով են ծանրաբեռնում:

Այսօր գործընկեներիցս մեկը զանգահարեց ինձ, անհանգստացած ձայնով հայտնեց, որ ոմն Մհեր, ՁԻԱՀ-ի մասին սխալ տեղեկատվություն է տրամադրում Արարատ FM-ի ռադիոեթերում: Ես նույնիսկ չկասկածեցի, միանգամից գուշակեցի, որ դա լրագրող Մհեր Բաղդասարյանն է, դե մի քանի տարի առաջ YES ամսագրում կատարյալ անգրագիտություն էր գրել կրկին ՄԻԱՎ վարակի ու նրա փոխանցման ուղիների վերաբերյալ, մի խոսքով, դեռահասների ուղեղ կրծել լրագրողական տգիտությամբ (այդ ամսագիրը հիմանակնում դեռահասներն են կարդում):
Ցավոք կարողացա լսել հաղորդման վերջին 5 րոպեն, պատկերացրեք, եթե այդ մի քանի րոպեների ընթացքում ականջներս վառվեց թյուր տեղեկություններից, ուրեմն ինչե~ր էր լսել իմ գործընկերը ողջ հաղորդման ընթացքում:
Զարմացա 2 փաստի վրա, որ հանճար զրույցը նպաստում էր կատարելագործել հաղորդավարուհի Կարինա Դանիելյանը, բացի այդ, այդպես էլ 2002 թվականից այս կոմղ իրենց մոտ թարմ տեղեկատվություն չկար:
Ամեն ինչ ավելի հեշտ է, քանի որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը գրեթե ամեն եռամսյակ տրամադրում է նոր տվյալներ: Վիճակագրական տվյալների համաձայն աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասնում է 32 - 33 միլիոնի, իսկ Մհերի ու Կարինայի համար 42 միլիոն է նշված, դե հիմա խեղճ հաղորդավարներն ինչ իմանան, թե որ աղբյուրից օգտվեն, լրագրողներին նման բաներ չեն սովորացնում երևի: Եթերում էլի անիմաստ տվյալներ հնչեցին, ուղղակի գլուխս պայթվեց, չհասցրեցի գրանցել, մի տեսակ աչքերիս դեմը սևացան, էլի պատկերացրեցի, թե ինչ մեծ սիրով է մայր բուհը լրագրողի դիպլոմ տալիս իր տաղանդավոր ուսանողներին (հույս տվեք, ասեք, որ իրենք ինչ-որ անհայտ մասնավոր հաստատությունում են սովորել, կամ էլ լրագրողի դիպլոմ չունեն, ծանոթով են ընդունվել աշխատանքի):
Մենք` ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում աշխատողներս պայքարում ենք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ կիրառվող խարանի ու խտրականության դեմ, բժիշկներն ու դեղագործներն անում ամեն ինչ, որ մարդիկ չմահանան ՄԻԱՎ-ի պատճառով, իսկ ամենագետ լրագրողները առանց ամոթի նշում, որ ՄԻԱՎ-ն ունի վատ ավարտ, վատ վախճան, պարզից էլ պարզ է, որ մարդիկ մահանում են: Չմանրանամ:
Ամոթ է, դեռ ասում են, որ միջոցառում են կազմակերպել դեկտեմբերի 1-ին ու չգիտեն էլ, ինչպես է կոչվում այդ օրը, նրանց համար դա ՁԻԱՀ-ի կանխարգելման միջազգային օր է: