26.3.12

Երկիրն աճուրդի է դրված


Պայքարել հանուն մի գաղափարի, հանուն մարդու իրավունքների, հանուն բոլորիս ազատության ու արդարության... պայքարել հանուն Մաշտոցի պուրակի:
Բայց սպասիր, ամեն ինչ դեռ առջևում է. «Այգին մերն է», իսկ ինչ է նշանակում մերն է, «մենք» ովքե՞ր ենք:
Ու այդտեղ սկսվում է: Այգին մերն է բացի քեզնից, բացի նրանից, բացի հարևանիս թոռանից, բացի քեռուդ սիրածից, բացի, բացի, բացի... ու մոտ միլիոն «բացի»-ներ:
Երբ շարժումը ներսից նեխում է, հաղթանակը շատ է հեռանում, քանի դեռ կա պառակտում, նվաստացում, ատելություն ու անտարբերություն, մենք չենք հաղթի:
Հիշեք Ղարաբաղն ազատագրելուց հայ ազգը միավորված ու առաջ էր գնում, հերոսների արյան գնով երկիր փրկեցին: Հիմա էլ, բա ոնց, հայ ու ղարաբաղցի են տարանջատում, իրարից զզվում, ղարաբաղցուն թուրք են ասում «հայերը»:
Մի՞թե նույնը Մաշտոցի պուրակում չի, արդեն որոշում են այգին կոնկրետ որ խավին է պատկանում, ով կարող է քայլել այնտեղ, ով իրավունք ունի կողքով անցնելու, իսկ ով գետնի տակից պետք է դուրս չգա:
Բոլորն Աստվածներ ու Դատավորներ են դարձել, գիտեն ով իրավունք ունի ապրելու, ում պետք է այրել կրակի վրա, ում անմիջապես մորթել:
Կեղտոտ հոգիներով մարդիկ, միշտ հիշեք, որ 1915 թվականին ձեր նման մտածող անսիրտ ու անողնաշար թուրքերը մորթեցին մեկ ու կես միլիոն հայերին, ձեր մտածելակերպն ունեին:

Նախ ձեր կեղտոտ հոգիները մաքրեք, հետո փորձեք ուրիշի փոշիները թափ տալ:

6.7.11

Նամակս քեզ եմ ուղղում, որ գնում ես ու քո ընկերներին մենակ թողնում

Հեռանում ես` փորձելով գտնել քո անվտանգությունն ու հանգիստը սարերից այն կողմ: Ընտրության առջև ես կանգնում, ուզում ես հասկանալ, իսկ ի՞նչն է լավ` մնալ հարազատների հետ սեփական երկրում և ապրել կապանքների մեջ, թե լքել ու նոր կյանք ստեղծել այնտեղ, որտեղ քեզ միգուցե չեն էլ սպասում:
Հասկանում եմ, ես էլ դեռ 19 տարեկան էի, երբ իմ ազատությունն էի փնտրում Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին: Կարծես ամեն ինչ ունեի այնտեղ` աշխատանք, ընկերներ, լավ միջավայր: Բնակվում էի Նյու Ջերսի նահանգի մի գողտրիկ քաղաքում` օվկիանոսի ափի մոտ: Մի՞թե սա էի ուզում: Ոչ, դեռ ավելին, երջանիկ եմ, որ չորս ամիս հետո մեկ օրում որոշում կայացրեցի ու չվեցի իմ երկիր:
Հետ եկա, որ ապրեմ, հետ եկա, որ պայքարեմ մարդու իրավունքների համար, հետ եկա, որ հավասարություն պահանջեմ,  օգնեմ նրանց, ովքեր օգնում եմ իմ ու քո մայրերին ու քույրերին, հասնեմ նրանց, որքեր մեր անուշիկ փիսիկների ու շունիկների կյանքի համար են դողում, կանգնեմ նրանց կողքին, ովքեր ամեն ծառին սեր են տալիս, որ ես ու դու այդ ծառի տված օդը վայելենք, շնորհակալություն հայտնեմ նրանց, ովքեր մեր տատիկներին ու պապիկներին են աջակցել, երբ մենք բացակայել ենք, ի վերջո եկա, որ իմ ու քո իրավունքները պաշտպանեմ:
Ես չեմ խռովում, երբ դու հեռանում ես Հայաստանից ու ոչ մի քայլ չես անում քեզ հավասար մարդկանց օգնելու համար կամ քո կյանքը քո երկրում բարելավելու համար: Ես ուղղակի ցավ եմ ապրում, որ մեր պետությունը հոգ չի տանում քեզ պահելու ու աջակցելու համար, չի գիտակցում իր կորստի մասին:
Եթե հիմա կարդում ես նամակս ու դեռ մտածում. «գնամ, ոնց գնամ, ուր գնամ», խնդրում եմ մի գնա, սա է քո տունը, իսկ տունը նախ կառուցում են, հետո ապրում, ուրիշ ոչ ոք քո համար տուն չի կառուցի: Արի միասին կառուցենք այն, մեկս հիմքը կգցենք, մյուսը պատը կշարի, մեկն էլ մեզանից հետո կգա ներքին հարդարումը կանի ու կկահավորի այն:

10.12.10

Բաց հարց Հրապարակ օրաթերթին

Դեկտեմբերի 7-ին Հրապարակ օրաթերթում տպագրված «Միասեռականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին» այնքան էլ միասեռականների կողմից չէր փաստորեն: Պարզապես ուզում եմ հասկանալ, հիմա ով ձեզ գրի, ում կողմից ներկայանա, դուք հավատալո՞ւ եք ու գրեք այդ մասին:

Օրինակ` կլինի վաղը ես զանգեմ Հրապարակ օրաթերթ, ներկայանամ որպես ակադեմիկոս ու բողոքեմ, որ իմ աշխատությունները չեն ընդունվում պետության կողմից:

Եթե ոչ, ապա կնշեք ինչպե՞ս եք ճշտում փաստն իրական է, շանտաժ, թե հորինվածք:

Շնորհակալություն,

Մամիկոն Հովսեփյան