7.8.15

Մի օր ձեզ էլ կհասնեն


Որոշ թերթեր, դիտավորյալ այնպիսի նյութեր ու նկարներ են տարածում, որտեղ գեյերին սպանում են կամ ատելության հիմքով այլ հանցագործություններ են իրականացնում ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Պարզից էլ պարզ է, որ դա հստակ պատվեր է: Այդ նյութերի տակ ակտիվանում են կեղծ կամ իրական օգտատերեր իրենց ագրեսիվ ու հոմոֆոբ մեկնաբանություններով: Ցավոք կան նաև հենց ԼԳԲՏ անձինք, ովքեր ատելության քարոզին մասնակցում կամ գոնե մի լայք դնում են, որ իրենց շրջապատում արդարանալու տեղ ունենան:
Խնդրի մյուս մասն այն է, որ ատելություն քարոզողների մեջ շատ են մարդիկ, որ հենց իրենք, կամ իրենց հարազատները ևս խտրականության թիրախ են դառնում: Ասենք ինչ-որ փոքրամասնության են պատկանում կամ միայնակ ծնող են կամ ծնողազուրկ են կամ հաշմանդամություն ունեն կամ մարմնի չափերը մեծամանսությունից խիստ տարբերվում են կամ փոքր տարիքում մի «տարօրինակ» բան են արել ու ցմահ պիտակավորվել են և այլն: Փորձելով ստորացնել մեկ այլ խմբի, այս մարդիկ արդարություն են փնտրում իրենց խնդրի մեղմացման համար:
Սակայն ատելությունը կանգ չի առնի, նա կհասնի բոլորին, եթե մենք նստենք ու լուռ հետևենք, թե ոնց են գեյերին «վառում», իսկ մյուսները զվարճանում:
Այս նկարում արդեն ատելությամբ «ոգեշնչված» երիտասարդը կոչ է անում դաունի համախտանիշ ունեցող անձանց ևս նետել շենքից, իսկ երկու այլ անձ հավանում են այդ գաղափարը:
Կամ էլ կհայտվեն երկու ուշադրության կարիք ունեցող խլվլիկ երիտասարդներ, ովքեր հոգեկան առողջությունը կծաղրեն իրենց ստորացուցիչ տեսանյութերում, հետո արևահարված ոչխարի դեմքով ներողություն կխնդրեն, բայց նախորդ տեսագրությունները ոչ կփոխեն, ոչ կվերացնեն, իսկ դուք սրտաբաց նրանց կընդունեք:
Դե ինչ, լուռ նստեք ու հետևեք: Հետո կհասնեն ասենք կապուտաչյաներին: Հաստատ պատճառ կգտնեն ամեն մեկիդ դեմ դուրս գալու, նայած իշխանական օրակարգը ոնց կդասավորվի: Մտածում եք մի օր չի՞ գտնվի այնպիտի հոգևորական, ով նորից կաղավաղի Աստվածաշունչն ու այս անգամ էլ կասի իբր Աստվածաշնչում գրված է, որ բոլոր սափրվող տղամարդկանց պետք է քարկոծելով սպանել:

13.8.13

Հոգով, սրտով ձախլիկ

Բարև ձախլիկներ, այսօր մեր միջազգային օրն է: Հազիվ թե մեզանից մեկը կնշի դեպք, երբ մեր օրերում դաժանությունների են ենթարկել ձախլիկի, զուտ ձախ ձեռքով գրելու, հաց ուտելու կամ գործ անելու համար:
Իսկ նախկինում, յուրաքանչյուր մշակույթ յուրովի էր պատժում ձախլիկներին, նրանց համարում էին վհուկ, չարագործ, սատանա, լավագույն դեպքում` տարօրինակ: Նրանց նկատմամբ կիրառում էին «ուղղիչ» աշխատանքներ կամ պատժում: Եթե անձը չեր թաքցնում իր ձախլիկ լինելը, ապա դժվար թե խուսափեր բռնությունից, իսկ հաճախ նրանց այրում էին կամ հանրային կախաղան բարձրացնում: Եվ այս ամենն արդեն անցյալում է, չեմ կարծում, որ այս օրերին որևէ երկրում նման մոտեցում այլևս գոյություն ունի:
Դեռ փոքր էի, ընտանիքիս անդամները նկատում էին, որ ձախ ձեռքս ավելի շատ եմ օգտագործում քան աջը, առանձնապես ճնշում չէի գործադրում աջլիկություն սովորացնելու համար, միայն տատս էր հաճախ կրկնում, որ ամոթ է, ճիշտը աջ ձեռքով գործ անելն է: Երբ ուզում էի մի բանով օգնած լինել տատիկիս, միանգամից ասում էր. «գնա էն կողմ, քու էրածդ գործերը թարս պդի էղնին»: Ի դեպ, նա ինձ շատ էր սիրում: Բա որ կողքից ասում էին. «ձախդ շատ մի օգտագործի, սրտի մոտ է, լավ չի»: Թե ո՞ր մի ուսումնասիրության հիման վրա էին այդ եզրակացությանը հանգել:
Առաջի դասարան գնացի 1989-ին: Հա, հնություն եմ: Դասղեկս սովորոցնում էր ձեռք բարձրացնելու կանոնները. «ապա մի բոլորս բարձրացնում ենք մեր աջ ձեռքերը»: Ես էլ էի աջս բարձացնում, մի տեսակ անհարմար էր, բայց ստիպված, որովհետև մյուսները, երբ ձախն էին բարձրացնում, ստանում էին մի քանի «քաղցր» խոսք:
Հերթը հասավ գրիչ բռնելուն, դաժան էր, ախր մինչև դպրոց գնալը ձախ ձեռքով էնքան լավ էի նկարում: Նկարչական դպրոց էի գնում, ձախով եզրագծերն էի անում, աջով գունավորում: Դասատուս հպարտանում էր, ասում էր. «էս էրեխեն բազմակողմանի զարգացած է, էրկու ձեռով միաժամանակ գործ կենե»: Դե արի հիմա աջով գրիչ բռնի ու մի հատ էլ սիրուն գրի: Ինչ արած, գոռգռոց լսելու հավես չկար: Ստացվեց, որ հիմա 2 ձեռքով էլ կարող եմ գրել, ուղղակի աջս ավելի զանգացրեց իմ «ճշտի» դպրոցը: Քանի չեմ մոռացել մի բան էլ ասեմ իմ դպրոցից: Էն ժամանակ Գյումրու պրիստիժ դպրոցն էր, էսօր փակվելու վրա է, այլևս անգլիացիները փող չեն տալիս, որ դպրոցը գոյատևի, էլ ում տնգլին է թիվ 20 դպրոցի մասին հոգ տանելը:
Ինչ լավ էր, գոնե հաց ուտելս չէին վերահսկում, մինչև հիմա գդալը ձախով եմ բռնում, էնքան հարմար է, աջով ճաշ ուտեմ հաստատ վրաս կլցնեմ:
Ուսանող տարիներիս ամեն ինչ փոխվեց, նույնիսկ ձախով գրող կուրսեցիներս հարգված էին ու մյուսների մոտ հետաքրքրություն էին առաջացնում: Դե ես էլ որ պահին որ ձեռքս հարմար էր լինում դրանով էի գրում:
Հիմա էլ նեղվելու բան չունեմ ձախլիկ լինելու համար: Հազիվ թե Սքուեր-ուանով թեյ կամ սուրճ չխմեմ, որովհետև իրենց բաժակները զուտ աջլիկների համար է, մի տեսակ զիզի-բիզի թեքություն ունի, ձախով բաժակը բռնելու համար չի, մինչև բերանիդ էլ մոտեցնես կարող է վրադ թափվի: Կամ էլ ուրիշ սրճարաններում, որ ամեն ինչ սեղանին դնում էն աջ ձեռքով կիրառելու համար, ես էլ տեղափոխում են ամեն անգամ: Հա լավ, մեծ բան չի, կարևորը ձախլիկության համար չարագործ վհուկ չեն անվանի:
Ու ոնց քցում բռնում եմ մարդկությանը միշտ վհուկի կերպար է պետք, 20-21-րդ դարերի վհուկներն էլ դարձել են գեյերը: Ոնց համեմատում եմ նույն «պրոգրեսով» գնում է, ուզում են այրել, մեկուսացնել, բռնության ենթարկել:
Ամեն ժամանակաշրջանն ունի իր վախերը, իսկ վախերը ծնվում են անտեղյակության պատճառով, երբ մենք փակվում ենք ու ոչինչ «չենք տեսնում, չենք լսում, չենք խոսում»:
Մեկ ուրիշ պատմություն էլ կա բաց գույնի աչքեր ունեցողների հետ կապված, որ լող տանք տարբեր ազգերի անցյալներով, ինչե~ր կգտնենք:
Դե լավ վհուկներ ջան, այ կներեք, ձախլիկներ ջան, եղած-չեղած 10 տոկոս ենք կազմկում: Հպար եղեք այն ամենով ինչ ունենք, իսկ ինչ չունեք` ձգտեք, որ ունենաք: Չլինի-չլինի ստեղծագործական ջիղ հաստատ կունենք, ասում են ձախլիկների ուղեղի աջ կիսագունգը լավ քոքած է: Դե ուրեմն էլ ավելի կատարելագործվեք:

2.6.13

Բավական է հեղեղել ատելությամբ

Վերջին օրերին Ստամբուլում կատարվող իրադարձությունները ոտքի են հանել ակտիվիստների տարբեր երկրներում, ովքեր իրենց սոլիդարությունն են ցուցաբերում և սատարում Թուրքիայի ակտիվիստներին:
Հայ ակտիվիստները ևս անտարբեր չմնացին. ստորագրահավաք կազմակերպվեց, բազմաթիվ քննարկումներ սկսվեց սոցիալական ցանցերում: Իհարկե այս ամենն անպատասխան չմնաց ծայրահեղականների կողմից, միանգամից հիշեցին «ավանդական» և «քրիստոնյա» հային վայել հարձակումներն առցանց հարթակներում: Էլի կարդում ես «վառել, թափել, վերացնել, մորթել» ու բազում այլագրեսիվ բառակույտեր ու մտածում, որ այլ կերպ չէին էլ վարվի, եթե իրենց ազգակցին նման բաներ կցանկանան, ազգակցի նկատմամբ բռնություն կկիրառեն, ապա ով ասեց այլոց նկատմամբ նման կերպ չեն վարվի:
Բայց հարցը թուրքը չի, հարցը նրանց ազգայնական ու հակահայկական գաղափարները չեն: Այստեղ ավելի մարդկայնության գործոնն է, որ շատերի մոտ ի սպառ վերացել է կամ չի էլ եղել: Ինչպես կարող ես հանգիստ նայել, երբ մեկին ծեծում են ու սպանում, շատ հեշտ կրակում մարդու վրա: Մի՞թե այսքան տմարդ ենք դարձել, որ հանգիստ նայենք դրան ու մի բան էլ խրախուսենք: Չեմ հասկանում ինչքանով են ուրախացողները քրիստոնյա (քանի որ միշտ նշում են քրիստոնեությունը), եթե քրիստոնեություն այլ բան է քարոզում: Չնայած ինչ իմանան դրանք, թե քրիստոնեությունն ինչ է քարոզում, եթե որոշ հոգևորականներ իրենց ելույթներով մարդկանց իրար դեմ են դուրս բերում, պառակտում հասարակությանը, իսկ ագրեսիվ ծայրահեղականների արանքները գովերգում ու նրանց օրհնում:
Ինչ կատարվում է Թուրքիայում, դա ժողովրդավարության կայացման համար ուղղված պայքար է: Թուրքերի կողքին պայքարում են նաև թուրքահայեր ու այլ ազգային փոքրամասնություններ, ովքեր ապրում են այդ հողի վրա: Իսկ մտահոգվելով կատարվածի մասին, դու մտահոգվում ես մարդկանց մասին, ովքեր ուզում են փոխել այդ երկիրը:
Այսօր Գերմանիան գիտակցում և ընդունում է իրենց իրականացրած կոտորածը, իսկ ինչու չհավատալ, որ մի օր Թուրքիան էլ, ժողովրդավար դառնալով, կգիտակցի ու կընդունի Եղեռնը:
Իհարկե Թուրքիայում էլ կան ազգայնականներ, հայատյացներ, հանցագործներ, բայց չի կարելի բոլորին մեկ չափանիշով ընդունել, քանի որ այնտեղ քիչ չեն մարդիկ, ովքեր ընդունում ու գիտակցում են հայերի նկատմամբ կատարվածը: Բավական մարդկանց եմ ճանաչում, ովքեր բնակվում են Թուրքիայում ու շատ անգամներ անկեղծ նշում, որ ցավ են ապրում այն ամենի համար ինչ կատարվել է 1915թ-ին: Հույս ունեն, որ մի օր Թուրքիան խիզախություն կունենա իրականությունն ընդունելու:
Մի անգամ Ֆորումի էլ մասնակցում, որտեղ քննարկվում էր Թուրքիայի խնդիրները, երկրում տիրող խտրականությունն ու անարդարությունները: Անհամբեր սպասում էի, որ խոսնակն ավարտեր ելույթը ու ես միանգամից բարձրաձայնեի 1915-ից մինչև հիմա տիրող իրավիճակի մասին, Եղեռնի մասին, հայատյացության մասին: Ուզում էի հասկանալ, ինչ է արվում երկրի ներսում ու խոսնակի վերաբերմունքը իմանալ: Հարյուրավոր ներկաների մեջ այնքան ձեռքեր բարձրացրեցին հարցեր տալու համար, նյարդայնացել էի, որ ինձ կարծես հերթ չի հասնելու, իսկ քննարկման համար կես ժամ էր հատկացված:
Մեկ-երկու հարցերից հետո բարձրաձայնեցին հենց թուրք երիտասարդները, այն մասին, որ տարիքով հայ կանանց են բռնաբարում, դրան հաջորդեց հարցը Եղեռնի մասին, որ Թուրքիան դեռևս մերժում է իրականություն, մյուս թուրք երիտասարդը խոսեց այն մասին, որ ազգային փոքրամասնությունները չեն ճանաչվում Թուրքիայի կողմից, և նրանց իրավունքները ոտնահարվում են: Ու այսպես իրար հետևից բազմաթիվ հարցեր էին հնչեցնում, հենց այնպիտի հարցեր, որոնք ես կցանկանայի տալ: Այդ մարդիկ նույնիսկ չգիտեին, որ հայեր կան դահլիճում, բայց ավելի կարևորում էին հենց այդ խնդիրները ու մտահոգված էին: Ես ապշել էի ու չէի պատկերացնում, որ Թուրքիայում իրենք այդքան խիզախ կլինեն, նույնիսկ «Գենոցիդ» բառը կարտասանեն ու դեռ ավելին, նման հարցադրումներ կանեն:
Հետո մոտեցա, ծանոթացա մի քանիսի հետ, փորձեցի հասկանալ ինչու հենց հայերի վերաբերյալ հարցեր տվեցին: «Հնարավոր չէ այլևս անարդարությունը հադուրժել, Թուրքիան պետք է ընդունի Եղեռնը և դադարեցնի հալածանքները հայերի և մյուս ազգերի նկատմամբ»,- ասաց  երիտասարդներից մեկը, և մնացածը համաձայն էին նրա հետ: Նույնիսկ հարցրեցի, միգուցե նրանցից ոմանք հայ են, բայց բոլորն էլ ասացին, որ թուրք են, իսկ երկու աղջիկ` քուրդ:
Եվ այսօր, նրանցից ոմանք, նրանց նման մտածողները, նրանց ընկերները կանգկած են կյանքի ու մահի առջև, պայքարում այդ երկրի շտկման համար, իսկ ես կրկին զարմանում, ինչպես կարող է հայը ուրախանալ ու դեռ քաջալերել սպանությունը, դաժանությունը, բռնությունը: Ինչքան կարող են դահիճ լինել և ֆաշիզմով հեղեղել մարդկանց գլուխները:
Ոչ ոք, անկախ ազգությունից, չպետք է բռնության ենթարկվի, որտեղ էլ նա ապրի: Մի ուրախացեք ուրիշի դժբախտության վրա, դա ձեզ ավելի լավը չի դարձնի:

31.7.12

Խոսքի ազատությո՞ւն, հանդուրժողականությո՞ւն

Խնդիրները շատ են Հայաստանում, լուծելու կարիք ունեն, սակայն նման կարգավիճակոււմ գտնվելով ոչ առաջինն ենք, ոչ էլ միակը: Բազում զարգացած երկրներ են խոչընդոտներ հաղթահարելու ճանապարհներ կտրել, ժողովրդավարության ձգտողներն են խնդիրների առջև կանգնել:
Լրագրողներն ու իրավապաշտպանները խոսքի ազատության համար մեծ պայքարներ են մղել, սակայն մինչ օրս դեռ նրանցից շատերը չեն տարբերում խոսքի ազատությունն ու ատելության կոչերը: Հանդուրժողականության մասին խոսելիս, այն վերագրում են որոշ խմբերի և մոռանում այլոց մասին: Իրոք, ոչ մեկս անթերի չենք, բայց պետք է սովորենք մեր և ուրիշների սխալների վրա, որ այլևս դրանք չկրկնենք, պետք է նախ ինքներս հանդուրժող լինենք, հետո ուրիշներին դա քարոզենք:
Ես խորին ցավ եմ ապրում այսօր, երբ տեսնում եմ լրագրողները խոսքի ազատություն ասվածի տակ կարող են ատելությամբ հեղեղել մամուլը, իսկ պաշտոնյաները կարող են գովերգել հանցագործների «խրոխտ» արարքները ու, ամենացավալին, մարդիկ իրենց իրավունք են վերապահում մի ամբողջ հասարակության հիվանդ, ֆաշիստ ու այլ թշնամական կամ կեղտոտ բառերով բնութագրել` մտածելով, որ դա իրենց ազատությունն է:
Քանի դեռ լրագրողները ատելության կոչեր կանեն ու չճշտված տեղեկատվություն կտրամադրեն ընթերցողին, քանի դեռ պաշտոնյաները հանցագործությունները կարդարացնեն ու հրապարակային կխոսեն դրա մասին լրատվամիջոցներով և քանի դեռ հասարակությունը կվայելի իրենց մատուցված այդ աղբը` մենք ժողովրդավար երկիր ու պաշտպանված քաղաքացիներ չենք ունենա: Իսկ քանի դեռ հասարակության մեջ կան մարդիկ, որ մտածում են, իբր բոլորին պետք է մեկ գծով չափել ու իրենց տգեղ բառապաշարով մյուսներին վնաս հասցնել, ուրեմն ինչ եք սպասում մյուսներից: Ինչո՞ւ եք սպասում, որ ձեզ կհարգեն ու կսիրեն, դեռ ավելին, ձեզ կլսեն: Նման մարդիկ ոչ միայն իրենց են ոտնատակ նետում, այլ անմեղ մարդկանց, ովքեր դարձել են խոցելի և ճնշված:
Հարկ է մտածել մինչև խոսելը, ոչ թե խոսել ու նույնիսկ դրանից հետո չմտածել ու ներողություն չխնդրել:

26.3.12

Երկիրն աճուրդի է դրված


Պայքարել հանուն մի գաղափարի, հանուն մարդու իրավունքների, հանուն բոլորիս ազատության ու արդարության... պայքարել հանուն Մաշտոցի պուրակի:
Բայց սպասիր, ամեն ինչ դեռ առջևում է. «Այգին մերն է», իսկ ինչ է նշանակում մերն է, «մենք» ովքե՞ր ենք:
Ու այդտեղ սկսվում է: Այգին մերն է բացի քեզնից, բացի նրանից, բացի հարևանիս թոռանից, բացի քեռուդ սիրածից, բացի, բացի, բացի... ու մոտ միլիոն «բացի»-ներ:
Երբ շարժումը ներսից նեխում է, հաղթանակը շատ է հեռանում, քանի դեռ կա պառակտում, նվաստացում, ատելություն ու անտարբերություն, մենք չենք հաղթի:
Հիշեք Ղարաբաղն ազատագրելուց հայ ազգը միավորված ու առաջ էր գնում, հերոսների արյան գնով երկիր փրկեցին: Հիմա էլ, բա ոնց, հայ ու ղարաբաղցի են տարանջատում, իրարից զզվում, ղարաբաղցուն թուրք են ասում «հայերը»:
Մի՞թե նույնը Մաշտոցի պուրակում չի, արդեն որոշում են այգին կոնկրետ որ խավին է պատկանում, ով կարող է քայլել այնտեղ, ով իրավունք ունի կողքով անցնելու, իսկ ով գետնի տակից պետք է դուրս չգա:
Բոլորն Աստվածներ ու Դատավորներ են դարձել, գիտեն ով իրավունք ունի ապրելու, ում պետք է այրել կրակի վրա, ում անմիջապես մորթել:
Կեղտոտ հոգիներով մարդիկ, միշտ հիշեք, որ 1915 թվականին ձեր նման մտածող անսիրտ ու անողնաշար թուրքերը մորթեցին մեկ ու կես միլիոն հայերին, ձեր մտածելակերպն ունեին:

Նախ ձեր կեղտոտ հոգիները մաքրեք, հետո փորձեք ուրիշի փոշիները թափ տալ:

6.7.11

Նամակս քեզ եմ ուղղում, որ գնում ես ու քո ընկերներին մենակ թողնում

Հեռանում ես` փորձելով գտնել քո անվտանգությունն ու հանգիստը սարերից այն կողմ: Ընտրության առջև ես կանգնում, ուզում ես հասկանալ, իսկ ի՞նչն է լավ` մնալ հարազատների հետ սեփական երկրում և ապրել կապանքների մեջ, թե լքել ու նոր կյանք ստեղծել այնտեղ, որտեղ քեզ միգուցե չեն էլ սպասում:
Հասկանում եմ, ես էլ դեռ 19 տարեկան էի, երբ իմ ազատությունն էի փնտրում Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին: Կարծես ամեն ինչ ունեի այնտեղ` աշխատանք, ընկերներ, լավ միջավայր: Բնակվում էի Նյու Ջերսի նահանգի մի գողտրիկ քաղաքում` օվկիանոսի ափի մոտ: Մի՞թե սա էի ուզում: Ոչ, դեռ ավելին, երջանիկ եմ, որ չորս ամիս հետո մեկ օրում որոշում կայացրեցի ու չվեցի իմ երկիր:
Հետ եկա, որ ապրեմ, հետ եկա, որ պայքարեմ մարդու իրավունքների համար, հետ եկա, որ հավասարություն պահանջեմ,  օգնեմ նրանց, ովքեր օգնում եմ իմ ու քո մայրերին ու քույրերին, հասնեմ նրանց, որքեր մեր անուշիկ փիսիկների ու շունիկների կյանքի համար են դողում, կանգնեմ նրանց կողքին, ովքեր ամեն ծառին սեր են տալիս, որ ես ու դու այդ ծառի տված օդը վայելենք, շնորհակալություն հայտնեմ նրանց, ովքեր մեր տատիկներին ու պապիկներին են աջակցել, երբ մենք բացակայել ենք, ի վերջո եկա, որ իմ ու քո իրավունքները պաշտպանեմ:
Ես չեմ խռովում, երբ դու հեռանում ես Հայաստանից ու ոչ մի քայլ չես անում քեզ հավասար մարդկանց օգնելու համար կամ քո կյանքը քո երկրում բարելավելու համար: Ես ուղղակի ցավ եմ ապրում, որ մեր պետությունը հոգ չի տանում քեզ պահելու ու աջակցելու համար, չի գիտակցում իր կորստի մասին:
Եթե հիմա կարդում ես նամակս ու դեռ մտածում. «գնամ, ոնց գնամ, ուր գնամ», խնդրում եմ մի գնա, սա է քո տունը, իսկ տունը նախ կառուցում են, հետո ապրում, ուրիշ ոչ ոք քո համար տուն չի կառուցի: Արի միասին կառուցենք այն, մեկս հիմքը կգցենք, մյուսը պատը կշարի, մեկն էլ մեզանից հետո կգա ներքին հարդարումը կանի ու կկահավորի այն:

10.12.10

Բաց հարց Հրապարակ օրաթերթին

Դեկտեմբերի 7-ին Հրապարակ օրաթերթում տպագրված «Միասեռականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին» այնքան էլ միասեռականների կողմից չէր փաստորեն: Պարզապես ուզում եմ հասկանալ, հիմա ով ձեզ գրի, ում կողմից ներկայանա, դուք հավատալո՞ւ եք ու գրեք այդ մասին:

Օրինակ` կլինի վաղը ես զանգեմ Հրապարակ օրաթերթ, ներկայանամ որպես ակադեմիկոս ու բողոքեմ, որ իմ աշխատությունները չեն ընդունվում պետության կողմից:

Եթե ոչ, ապա կնշեք ինչպե՞ս եք ճշտում փաստն իրական է, շանտաժ, թե հորինվածք:

Շնորհակալություն,

Մամիկոն Հովսեփյան 

13.11.10

Ես կապ չունեմ նրանց հետ

«Ամեն համայնք պետք է զբաղվի իր հարցերով, ամեն մեկը պետք է բարձրաձայնի իր խնդիրները, այլապես ուրիշ ոչ ոք դա չի անի»: Շատ եմ լսում նման արտահայտություն, նույն կարծիքը հնչեց նաև երեկ, երբ ԼԳԲՏ անձիք և նրանց պաշտպանները դժգոհեցին լրատվամիջողների լռությունից:
Լավ, հասկանում եմ ինչ ի նկատի ունեք, բայց ինչպես ընկալեմ այն փաստը, երբ դաժան կտտանքների արդյունքում ինչ որ հաստատությունում մեկը զոհվել է: Նա չի կարող այլևս զբաղվել իր անձնական շահերով, ոչ էլ իր նմանները, նրանք ևս մահացել են: Լրագրողները գրո՞ւմ են այս մասին: Այո, լուսաբանում են ոչ թե այն պատճառով, որ անձը մահից առաջ կանչել է լրագրողին վերջին խոսքն ասելու, այլ երևույթ նրանց հուզում է:
Երբ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություններ են կիրառում, նա նույնսիկ կարող է չգիտակցել դա լավ բան է, թե վատ, ճիշտ է, թե սխալ: Նույն երեխայի համար ավելի սարսափելի կարող է թվալ բժիշկը, ով իրեն սուր ասեղով ծակում է կամ ատամն է հեռացնում: Բայց մենք` մեծերս գիտակցում ու բարձրաձայնում ենք մանկապղծության մասին, պահանջում պատժել հանցագործին:
Շատ դեպքերում բռնությունը, անարդարությունն ու խախտումները մեզ կարող է ավելի անհանգստացնել, եթե գիտակցենք, որ ինքներս կամ մեր մտերիմները կարող են հայտվել այդ շրջանակի մեջ: Այդ դեպքում մի՞թե չենք գիտակցում, որ նույն ԼԳԲՏ հիմնահարցերը ինչ-որ կերպ կարող են կապ ունենալ մեզ հետ:
Միգուցե մեր ամենամոտ ընկերը նույնասեռական է, նա ով ամեն հարցում մեր կողքին է եղել, ով հարազատից էլ թանկ է, միգուցե քո արյունակիցը գենդերափոփ է, ում հետ մանկուց անբաժան եք եղել, ի վերջո ձեր զավակը կարող է ունենալ ոչ ձեր նախընտրած սեռական կողմնորոշում կամ գենդերային ինքնություն:
Մենք բոլորս ցանկացած իրավիճակներում կարող ենք դառնալ անհանդուրժողականության զոհ, մեր տեսակը կարող է համարվել խոցելի, մենք կարող ենք կազմել որևէ փոքրամասնության մաս:
Օտար երկրում հայերի նկատմամբ կարող են կիրառվել բռնություն` որպես ազգային փոքրամասնություն: Սպորտային կազմվածքով հասակակիցների շրջապատում ծաղրանքի կարող է արժանանալ մեծ փորով երիտասարդը: Հարևանների համար բամբասանքի թեմա դառնալու հավանականություն ունի ընտանիքը, որտեղ չեն կարող երեխա ունենալ: Բարձրահասակներին են հաճախ պիտակավորում ընկերները, ծաղրանքի գլխավոր հերոս դարձնում կարճահասակներին: Մարդուն նայելուց անմիջապես մտավոր կարողություններն են չափում մազերի գույնով, իսկ մազերի երկարությամբ սեռն են որոշում:
Երբ խոսում ենք հանդուրժողական վերաբերմունքից, շատերիս թվում է, թե հանդուրժելով լավություն ենք անում դիմացինին` չպատկերացնելով, որ հանդուրժելով առաջնային դրական քայլն անում ենք ինքներս մեր նկատմամբ:
Դեռևս վաղուց ուսումնասիրություններն ապացուցել են, որ դրական վերաբերմունքն ու զգացմունքները, համերաշխությունն ու հանդուրժողականությունը դրական են անրադառնում մեր առողջությանը, աշխատանքին ու շրջապատին:
Նույն փաստերը հիմնավորվում են նաև ագրեսիվ, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի դրսևորումների մասին: Նման բացասական զգացմունքների արտահայտումը օրգանիզմում առաջացնում են թույներ, որոնք կարող են վնասել մարսողական, նյարդային և ի վերջո սրտանոթային համակարգերը, այն կարող է հանդիսանալ նաև ուռուցքային հիվանդությունների գոյացման պատճառ:
Այստեղից պետք չէ հետևություն անել, որ «նրանք ավիրեցին մեր կյանքը», այլ պետք է գիտակցել, որ բացասական զգացմունքների վրա հիմնված «մենք վնասում ենք միմյանց և հատկապես ինքներս մեզ»:

5.8.10

Ապե, նատուռալ ըլնեմ

Վերջերս անընդհատ նոր արտահայտություններ եմ լսում, նոր տերմիններ, որոնք ուղեղիս չեն հասնում: Ունեմ մի քանի տարբերակ, սրանցից մեկը հաստատ ճիշտ կլինի.
ա) բթացել եմ,
բ) քյառթու կայֆերից հեռու եմ,
գ) էլի ինձ դոդի բախչեքն եմ գցել:

Ոչ մեկիս համար նորություն չի, որ բազում կարծրատիպեր ունեցող ազգ ենք` ավանդույթ ու սովորույթ իրար խառնած և ազգային արժեք դարձրած, կարծիքները փաստի վերածած ու ենթադրությունների վրա հիմնված:

Դե գիտեք, գործի բերումով ու անձնական հետաքրքրությունից դրդված աշխատում եմ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեսուալ, տրանսգենդեր) անձանց հետ, միշտ լսում եմ թեժ նորություններ հայկական իրականությունից ու հոմո-հետերո-ֆոբիախառն բախումներից: Սակայն քիչ չեն նաև զվարճալի դեպքերը, որոնք բխում են մարդկանց «միամտությունից»:

Շատ չխորանամ սոցիալ-փիլիսոփայական նախադասություններիս մեջ: Խոսքս այն հայ տղաների մասին է, ովքեր նախըտրում են տղաների հետ սեռական կապեր ունենալ, բայց խուսափում են նույնասեռական (գեյ, հոմոսեքսուալ) համարվելուց ու տարբեր տերմիններ են օգտագործում իրենց սեռական զուգընկեր որսալու նպատակով:

Հայ տղաների, հատկապես «քյառթու» տեսակի մեջ, ովքեր ունենում են նույնասեռ հարաբերություններ, ամենատարածված արտահայտություններ են.
  • Ապե ես գեյ չեմ, ես ակտիվ եմ
  • Ապե ես նատուռալ եմ, աղջիկների հետ էլ եմ լինում
  • Ես հայերի հետ չեմ զասվում ու պասիվ չեմ լինում, մենակ արտասահմանցիների հետ
  • Ապե նայի հա, մեկն իմացավ էս մասին, վիզդ կթռցնեմ
  • Կարող ա կամերա-մամերա էս դրել, հետո պալիտ անես
  • Ես ակտիվ եմ, բան չեմ անում, պռոստը պառկում եմ
Երևի նրանք շարժվում են քյառթու օրենքներով և ազգայնամոլական «գրագետ» տերմիններով (փակագծերում` սեփական զարմանքս).
  • Հայ տղեն գեյ չի կարա լինում (հետ նայե՞նք պատմությանը)
  • Հայ քրիստոնյան գեյ չի լինում (կրոնը ձեռքբերովի է, սեռական կողմնորոշումը` ո'չ)
  • Արա էլ ինչ տղա, որ տղու տակ ա պառկում (իսկ ի՞նչ, եթե տղու վրա է պառկում)
  • Արա, դու հո գոմիկ չես Չուպա-չուպս են ուտում (էդ փոքր ժամանակ ինչիկ էիր, որ շաքար-աքլոր էիր ...ում)
  • Վայ մորս արև, տեսա՞ր արա, 2 տղա իրար ձեռք էին բռնել (է հա, դուք էլ փողոցում իրար մռութ եք լպստում, հետո էլ քրտնած թևերի տակ եք իրար սեղմում ու ֆռֆում: Մնում ա ասեք. «Վախ ազիզ, էս իչ լավն ես էսօր», թե՞ ասում եք, ես խաբար չեմ)
Նաև այն կարծիքի են, որ տղայի հետ կենակցելուց, եթե պատահական ձեռքով կպնեն զուգընկերոջ մարմնի ցանկացած հատվածին, ուրեմն նույնասեռական կհամարվեն, եթե չկպնեն, ուրեն տարասեռական (հետերոսեքսուալ) կմնան:

Մի տղայի հարցնում են. «Դու գե՞յ ես»: Նա վրդովված պատասխանում է. «Չէ, ես տղեքի հետ զասվող նատուռալ եմ»:

Մեկ այլ դեպք, երբ 2 տղա ծանոթանում են սեռական կապեր ունենալու նպատակով և զրույցի ընթացքում մեկը մյուսնի հարցնում է.
- Ի՞նչ տիպի սեքս ես նախընտրում:
- Լյուբիծելսկի:
- Էդ ո՞րն ա:
- Էն, որ ձեռքով են բավարարվում:

Դեռ շատ նոր բաներ կսովորենք ու կլսենք: Քանի կան մեր քյառթ ախպերները, հայոց լեզուն էլ կկատարելագործվի, վեհ գաղափարներն էլ կզարգանան:

Ու վափշե, լավ տղեն երբեք պալիտ չի ըլնում:

19.2.10

Սորոսի, Մասոնականների և ԱՄՆ-ի ծրագիրն է մարդկանց դարձնել նույնասեռական

«Ռադիո Վանը» իր բլոգում ուրախ-ուրախ հրապարակում էր, որ փերտվարի 18-ին ուղիղ եթերում լինելու է նույնասեռականության վերաբերյալ հաղորդում` նկատելով, որ Հայաստանում արդեն կան նույնասեռականների ծանոթության կայքեր: Բլոգում լրագրողը մեջբերում էր կատարել ծանոթության էջերից մի քանի տող, դրանով հայտնել իր զարմանքը, սակայն նման տողեր, դեռ ավելի սարսափելի ակնարկներով, կարելի է տեսնել նաև տարասեռական երիտասարդների ծանոթության էջերում:

Ինչևէ, կարդալով լրագրողի հեգնանքը, հրավիրվածների անունները ու վաղուց արդեն ճանաչելով ռադիոյի տնօրենի դիրքորոշումը, լիովին պատկերացրեցի հաղորդման ընթացքը:

Հաղորման հյուրերն էին հասարակական ու քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբուլցյան (գոնե նա իրեն այդպես է անվանում), հոգեբան Իրինա Ծատուրյան (Սովետի փլուզումը ծանր է տարել) և նույնասեռական Արթուր (գաղափար չուներ նույնասեռականության մասին):

Հաղորդավարուհին, դե բնական է, ողջ եթերը ողողել էր սեփական կարծիքներով, անգրագետ տերմիններով ու «բարձրախոս եմ գտել պիտի խոսեմ» վիճակներով: Նա եթերը ողողեց «համասեռամոլ» տերմինով, «ցավոք մեծ տարածում է գտած», «պահպանողական ժողովուրդը պետք է դեմ լինի» և նմանատիպ այլ արտահայտություններով` ողղված նույնասեռականությանը:

Բազմիցս այս հարցին ագրեսիվ արտահայտված Խ. Ստամբուլցյանը եթեր էր եկել Աստվածաշնչով` այնտեղից մեջբերումներ անելու նպատակով, սակայն նշեմ, որ նրա կատարած մեջբերումների բացատրությունը հիմնված էր սեփական երևակայության վրա: Շատ հիացած էի, երբ պարոնը հիշատակեց գրքից մի տող, եթե որևէ տղամարդ պարկի այլ տղամարդու հետ որպես կին, ապա նրանք պղծություն գործած կլինեն: Ինչ-որ տեղ համամիտ եմ, տղամարդու հետ պառկեք որպես տղամարդ, , նախ տղամարդու մարմինը լրիվ այլ է ու սեռահարաբերությունն էլ այլ կերպ է ընթանում, բացի այդ էլ չեք սրբապղծվի:

Ստամբուլցյանը համարեց, որ նույնասեռականությունը երկիր քանդելու միջոց է և այն տարծվել է ԱՄՆ-ից, իսկ լրագրողը համամիտ էր` համարելով նրա արտաբերած ցանկացած միտք խելացի:

Արթուրը համարում է իրեն թույլ էակ, նաև ցանկաթյուն է հայտնում դառնալ կին: Կարծում եմ այստեղ ռադիոյի անձնակազմը անտեղյակության պատճառով սխալ ընտրություն էր կատարել, քանի որ ցանկանալով զրուցել նույնասեռականի հետ` նրանք հրավիրել էին տրանսգենդերի: Տրանսգենդերն էլ կրող է լինել նույնասեռական կամ տարասեռական, տվյալ դեպքում ռադիոյի բախտը բերեց: Ափսոս, որ երիտասարդը ընդհանրապես տեղեկություն չուներ նույնասեռականության մասին:

Պարոն Ստամբուլցյանը տեսենելով, որ Արթուրն անտեղյակ է, բացատրեց նրան, որ նույնասեռականները սանձարձակել են իրենց ցանկությունները ու դարձրել այն հագուրդ: Փորձեց նաև մեկ այլ պատմագիտաբժշկաաստվածաբանական բացատրություն տալ` ՁԻԱՀ-ը վերագրելով նույնասեռականներին.

- Քո մոտ միասեռական դև է նստած, օգտագործում է քո մարմինը: Ձեր աղիքը կոյուղի է ու օգտագորում եք սեռական հարաբերության համար: Սպերմատոզոիդը ընկնելով այդ միջվայրի մեջ` ինքը բերում է արատավոր մի երևույթ, մարմնի մեջ առաջանում է այդ վիրուսը, որ մտնում է իմունային այդ լինֆոցիդ հանգույցներում և իմունիտետը քայքայում է: Սա ձեր պատիժն է:

Հոգեբանի բացատրությունը շատ համապատասխանում էր ԵՊՀ-ի գրադարանի 40-ականների գրականությանը, երբ այն ժամանակ բացակայում էին լուրջ հետազոտությունները նույնասեռականության վերաբերյալ, իսկ մասնագետները, հինվելով իրենց երնթադրությունների վրա, տպագրում էին գրքեր: Նա բացատրեց, եթե երեխան նույնասեռական է, ուրեմն ընտանիքում կան պրոբլեմներ, կա շատ իշխանատենչ մայր կամ հայր, երեխան չի ընդունում իր հորը, հայրն ու մայրը լավ չեն ապրել, երեխան վերցնում է իր վրա կնոջ դերը, չի ստանում ուշադրություն, անտարբերության է մատնված լինում: Ավելացրեց, որ ամեն էակ սիրո կարիք ունի, երբ որ երեխան չի ունենում հնարավորություն բնականոն ձևով արտահայտել այն, նա գտնում է այդ տարբերակը (ի նկատի ունի նույնասեռականությունը), բացառությամբ այն 10 տոկոսի որ ծնվում են նույնասեռական, մոր հղիության ժամանակ հորմոնալ խաղտում է լինում, էպիդեմիաներ և այլ բաներ ազդում են պտղի զարգացման վրա: Սակայն նշեց որ դա հիվանդություն չէ:

Արթուրը լրիվ համամիտ էր հոգեբանի ասածների հետ:

Հոգեբանն ավելացրեց, որ նույասեռականությունը զարգանում է նաև, երբ որ լինում է միասեռ միջավայր, կամ որ ծնողները աղջիկ են կամեցել ունենալ ու տղա է ծնվել, իրենց տղայի մազերը չեն կտրում , կամ աղջկան մեծացնում են իբրև տղա:

Ստոմբուլցյանը փաստորեն Աստվածաշնչից բացի անտարբեր չի ևս մեկ գրքի նկատմամբ «300-ի կոմիտե» որտեղ իբր բացատրված է, թե ինչպես 6 միլիարդ մարդկանց դարձնել 1 միլիարդ և այդ ձևերից են նույնասեռականությունը, վիրուսները և այլն, իսկ այս ամենը Սորոսի և Մասոնների ծրագիրն է: Այնուհետև նա մեկ պայծառ օրինակ բերեց, որ պոռնիկը դարձավ սուրբ ինչես Մարիա Մագդալենան, ուրեմն Արթուրն էլ կարող է:

Հաղորդավարուհին մեղանչելով իր միտքն արտահայտեց. «Կառավարությունում կամ մարդիկ, ովքեր կրում են այդ ախտը, ինչ իմանաս գուցե նույնասեռականների ճնշումը կամ գաղտնիքների բացահայտումն է ստիպել ստորագել ՄԱԿ-ի համաձայնագիրը»: Հետո իր հետաքրքրությունը չզսպելով` հարցրեց, թե ինչ հարթություններում են ավելի շատ նույնասեռականները: Հաղորդավարուհին նաև անկեղծ պատմեց, որ հաղորդումից առաջ է կարդացել ՄԱԿ-ի հռչակագիրը ուղղված սեռական փոքրամասնությունների պաշտպանմանը, եթե շուտ իմանար, ապա աղմուկ կբարձրացներ, որ դեմ գնային այդ համաձայնագրին:

Արթուրը մի առաջարկ արեց, որ նույնասեռակաանների սպանդ կազմակերպեն, սակայն համոզված լինելով, որ Հայաստանի 90 տոկոսը կոչնչանա, իսկ Ստամբուլցյանը վիրավորվեց նման տոկոս լսելուց: Հաղորդավարուհին վիճակը շտկելու համար մտածեց, որ խոսքը երկսեռականների մասին է ու երբեմն այպիսի բաներ է նա լսում, որ ապրելը չի գալիս:

Հուսով եմ մոտ ապագայում ինքնասպանության դեպքեր չեն գրանցվի «Ռադիո Վանում»:

Արթուրը նաև հիշեց այն «քյառթու» տղաներին, ովքեր ընկերների հետ կհարձակվեն նույնասեռականների վրա, իսկ երբ մենակ են, այնպիսի բաներ կանեն, որ կզարմանաս: Արթուր, մի՞թե զարմացել ես նրանց կողմից մատուցած օրալ հարաբերությունների վրա, թե՞ այլ առիթներ են եղել:

Չէի տեսնում եթերը, բայց զգում էի հաղորդավարուհու սթրեսը, քիչ էր մնում գլուխը դներ Ստաստտմբուլցյանի ուսին ու առատ լաց լիներ:

Հոգեբանը, կամ պատահմամբ այդ կոչումը ստացած կինը, ավելացրեց, որ նույնասեռականությունը մոդա է դարձել, մեկը մյուսին նայելով ընդօրինակում է: Իսկ Ստամբուլցյանը հստակ պնդեց, որ դա Ամերիկայից եկավ ու վարակեց մեր երկիրը: Հաղորդավարուհին էլ վերջին նոտան խփելով ասաց, որ նույնասեռականությունն ու պեդոֆիլիան նույնն են: Հոգեբանի հիմնավորումներից էր նաև, որ նույնասեռականությունը բերում է պսիխոզների ու նևրոզների: Իսկ Ստամբուլցյանի վերջին խորհուրդը ի գիտություն իմացեք.

- Հեռու պահեք Ձեր զավակներին, ու Ձեր ականջները փակեք:

Այո՛, պարո՛ն, մեր սերունդն ու զավակները պետք է հեռու մնան նման գործիչներից, հոգեբան կոչվածներից ու Հայաստանի անգրագետ սեքսապաթոլոգներից, դուք ազգը տգիտության եք մատնում, ներշնչում զզվանք, ատելություն, ագրեսիա, խթանում խտրականությունն ու թշնամանքը:

Վախը անգրագիտության արդյունք է, մարդը վախենում է տեղեկացված չլինելու պատճառով, ու երթադրություններով փորձում է գյուտեր հորինել: Իսկ դուք վախենում եք, վախենում նույնասեռականներից, դուք հոմոֆոբ եք:

ձայնագրությունը կարող եք լսել «Ռադիո Վանի» բլոգում

12.1.10

Ես ու facebook-ը Փարաջանովից էինք խոսում

86 տարի առաջ ծնվեց հայ նոր տաղանդ, ով համատեղեց արվեստը, սերը և գեղեցկությունը, նոր շունչ տվեց մշակույթի զարգացմանը: Ինչպես և շատ հանճար նույնասեռականներ, նա էլ արժանացավ ատելության, բռնության ու հեգնանքի, սակայն ազգս հպարտ ասում է.

«Փարաջանովը հայ է, նա մերն է»: Ուրեմն դադարեք ատելությունն ու գնահատեք մարդուն ինչպիսին նա կա: Շնորհավոր ծնունդդ Փարաջանով:

Ես դեռ կասեի ոչ թե նա է մերը այլ մենք ենք նրանը, շատ դեռ ունենք սովորելու նրանից, թե ինչպես կյանքը վայելել:

Դ. - կինո նկարահանել սովորեք իրանից... ինքը ռեժիսյոր ա...

Մ.Կ. - Փարաջանավի թանգարանում 4 տարի առաջ շատ տգետ փոխազրույց ունեցա տեղի երկու ղեկավար կանանց հետ: Լաչառացան ու հիստերիկների նման ընկան հետեվիցս երբ ասեցի որ նա միասեռ էր: Տեսնեիր միայն իրենց վրդովմունքը: Կարծես թե վիրավորել էի իրանց ֆանտազմը: Ուզում էի ասեի աղչիկներ եթե արդյոք նա հեշտոց սիրեր ձեզ շնորիվ կանցներ առնանդամի: Բայց զսպեցի ինձ ;)

Գ.Թ. - Տենաս Փարաջանովը հայերի մասին ի՞նչ կաչծիք ա ունեցել

Դ. - ավելի լավ ա չիմանանք... պֆֆֆֆ.... պատկերացնում եմ...

Մ.Ս. - Հա դժվար չի պատկերացնել

Ա.Մ. - Լավ էդ ազգը ե՞րբ ա ուշքի գալու: Մի՞թե դժվար ա ես տափակ մենտալիտետից դուրս գալ: Ի՞նչ ենք արել իրանց: Կարո՞ղ ա չենք «արել» դրա համար:) Իսկ միգուցե պետք չէր, որ ինքը բացահայտ խոսեր դրա մասին, ու ոնց որ շատ-շատերը էդ ժամանակ պարզապես վախենում էին բարձրաձայնել իրենց նույնասեռական լինելը: Հոմոֆոբիան միշտ էլ էղել ա ու կմնա, չէ որ մարդիկ կոմպլեքսներ ունեն:

Դ. - հիմա էլ շա՜տ նույնասեռական հայտնիներ կան, որոնց սեռական կողմնորոշման մասին մեծ մասը չգիտի ու չի էլ իմանա... հո չդառան նատուրալ... դրանից...

Մ.Կ. - Հետազոտաղներին մի խորհուրդ՝ կարդացեք Փարաջանովի նամակները իր տիկին Սվետլանաին: Նրանցից մեկում նա գրել է որ բանտում կարդացել է ռուս գրող Չուկովսկիի Օսկար Ուայլդի բիոգրաֆիան որտեղ շատ անալոգիա կա իրա կյանքի հետ :)

Դ. - խեղճ Փարաջանով... շատերս (այդ թվում և ես) "Նռան գույն"-ից բացի չգիտենք էլ ինչ ա նկարահանել... ու չենք կարա արվեստը դատենք, անձնականն ենք դարձրել թեմա... եսիմ էրեխեք... եթե ես մեռնեմ ու իմ հոգին մտնի ֆեյսբուք սենց խոսակցություն տենա, լրջով կնեղանա... մի հատ մատը կտնգի կասի. "Ի՜, ուրեմն հավայի՞ էի էնքան գրում, մի երկու անգան ո* կտայի կպրծնեի էլի"...

Վ.Հ. - ազգից մի խոսեք...ու չփորձեք ընդհանրացնել.... Փարաջանովն էլ մեծությունա և վերջ, լինի նույնասեռական թե ոչ էդ տենցա ու ՖՍՅՕ!

ՄՄԿ - շատ շնորհակալ եմ բոլորիցդ, որ սենց ակտիվ քննարկել եք, շատ համամրիտ եմ Վ.Հ.-ի հետ, որ մարդը մարդ է անկախ նրա սեռական կողմնորոշումից, պարզապես ցավալին էն ա, ինչպես Մ.Կ.-ն պատմեց, երբ ասում ես, որ մարդը նունասեռական է, միշտ ժխտում են էդ փաստը, կարծես մի գարշելի վիրավորանք ես ասում

Վ.Գ. - Ազգային մենթալիտետը բնութագրել իբրեւ հոմոֆոբ նշանակում է ռասիստական հայացք: Հոմոֆոբիան ազգություն չունի, պատճառներից շատերը քրիստոնեության մեջ են:

Ս.Կ. - Դուք ել դրսևորեցիք կրոնական անհանդուրժողականություն: Կրոնից չի, մարդուց է: Բա իսլամից տառապողներն ինչ ասեն... Մարդուց է... կրոնից չի... Փչացած մարդիկ են փչացնում և խեղաթյուրում այս կամ այն կրոնը:

Մ.Կ. - Ճիշտա Վ.Գ., բայց նույնիսկ քրիստոնեականների մեչ ահագին փոփոխություն կա: Օրինակ բողոքական որոշ եկեղեցիները Սկանդինավիայում, Գերմանիաում, Բելգիաում եվ Անգլիական եկեղեցին ընդունում են միասեռների պսակը:

Ա.Գ. - Քաղկեդոնի ժողովի պատճառով Քրիստոսի Եկեղեցին բաժանվում է երկու մասի։ Հռոմի եւ Բյուզանդիայի Եկեղեցիները կազմում են քաղկեդոնական բլոկը, արեւելյան ազգային՝ Հայ, Ասորի, Ղպտի, Հնդիկ Մալաբար եւ Եթովպիայի Եկեղեցիները կազմում են հակաքաղկեդոնական բլոկը եւ բաժանվելով Հռոմի ու Բյուզանդական կայսրության Եկեղեցիներից, զարգանում են ինքնուրույն ճանապարհով։ Նման պայմաններում Հայ Եկեղեցին Հայաստանի Եկեղեցուց դառնում է Հայ՝ ազգային Եկեղեցի, որի սահմանները դուրս են գալիս Մեծ Հայքից եւ տարածվում այնտեղ, ուր որ ձեւավորվում են հայկական իշխանություններ եւ գաղութներ։ Լյութերական կամ կաթոլիկ եկեղեցիներից որոշը ընդհունում են նույնասեռկանությունը, հայ առաքելականը ոչ...