31.7.12

Խոսքի ազատությո՞ւն, հանդուրժողականությո՞ւն

Խնդիրները շատ են Հայաստանում, լուծելու կարիք ունեն, սակայն նման կարգավիճակոււմ գտնվելով ոչ առաջինն ենք, ոչ էլ միակը: Բազում զարգացած երկրներ են խոչընդոտներ հաղթահարելու ճանապարհներ կտրել, ժողովրդավարության ձգտողներն են խնդիրների առջև կանգնել:
Լրագրողներն ու իրավապաշտպանները խոսքի ազատության համար մեծ պայքարներ են մղել, սակայն մինչ օրս դեռ նրանցից շատերը չեն տարբերում խոսքի ազատությունն ու ատելության կոչերը: Հանդուրժողականության մասին խոսելիս, այն վերագրում են որոշ խմբերի և մոռանում այլոց մասին: Իրոք, ոչ մեկս անթերի չենք, բայց պետք է սովորենք մեր և ուրիշների սխալների վրա, որ այլևս դրանք չկրկնենք, պետք է նախ ինքներս հանդուրժող լինենք, հետո ուրիշներին դա քարոզենք:
Ես խորին ցավ եմ ապրում այսօր, երբ տեսնում եմ լրագրողները խոսքի ազատություն ասվածի տակ կարող են ատելությամբ հեղեղել մամուլը, իսկ պաշտոնյաները կարող են գովերգել հանցագործների «խրոխտ» արարքները ու, ամենացավալին, մարդիկ իրենց իրավունք են վերապահում մի ամբողջ հասարակության հիվանդ, ֆաշիստ ու այլ թշնամական կամ կեղտոտ բառերով բնութագրել` մտածելով, որ դա իրենց ազատությունն է:
Քանի դեռ լրագրողները ատելության կոչեր կանեն ու չճշտված տեղեկատվություն կտրամադրեն ընթերցողին, քանի դեռ պաշտոնյաները հանցագործությունները կարդարացնեն ու հրապարակային կխոսեն դրա մասին լրատվամիջոցներով և քանի դեռ հասարակությունը կվայելի իրենց մատուցված այդ աղբը` մենք ժողովրդավար երկիր ու պաշտպանված քաղաքացիներ չենք ունենա: Իսկ քանի դեռ հասարակության մեջ կան մարդիկ, որ մտածում են, իբր բոլորին պետք է մեկ գծով չափել ու իրենց տգեղ բառապաշարով մյուսներին վնաս հասցնել, ուրեմն ինչ եք սպասում մյուսներից: Ինչո՞ւ եք սպասում, որ ձեզ կհարգեն ու կսիրեն, դեռ ավելին, ձեզ կլսեն: Նման մարդիկ ոչ միայն իրենց են ոտնատակ նետում, այլ անմեղ մարդկանց, ովքեր դարձել են խոցելի և ճնշված:
Հարկ է մտածել մինչև խոսելը, ոչ թե խոսել ու նույնիսկ դրանից հետո չմտածել ու ներողություն չխնդրել:

26.3.12

Երկիրն աճուրդի է դրված


Պայքարել հանուն մի գաղափարի, հանուն մարդու իրավունքների, հանուն բոլորիս ազատության ու արդարության... պայքարել հանուն Մաշտոցի պուրակի:
Բայց սպասիր, ամեն ինչ դեռ առջևում է. «Այգին մերն է», իսկ ինչ է նշանակում մերն է, «մենք» ովքե՞ր ենք:
Ու այդտեղ սկսվում է: Այգին մերն է բացի քեզնից, բացի նրանից, բացի հարևանիս թոռանից, բացի քեռուդ սիրածից, բացի, բացի, բացի... ու մոտ միլիոն «բացի»-ներ:
Երբ շարժումը ներսից նեխում է, հաղթանակը շատ է հեռանում, քանի դեռ կա պառակտում, նվաստացում, ատելություն ու անտարբերություն, մենք չենք հաղթի:
Հիշեք Ղարաբաղն ազատագրելուց հայ ազգը միավորված ու առաջ էր գնում, հերոսների արյան գնով երկիր փրկեցին: Հիմա էլ, բա ոնց, հայ ու ղարաբաղցի են տարանջատում, իրարից զզվում, ղարաբաղցուն թուրք են ասում «հայերը»:
Մի՞թե նույնը Մաշտոցի պուրակում չի, արդեն որոշում են այգին կոնկրետ որ խավին է պատկանում, ով կարող է քայլել այնտեղ, ով իրավունք ունի կողքով անցնելու, իսկ ով գետնի տակից պետք է դուրս չգա:
Բոլորն Աստվածներ ու Դատավորներ են դարձել, գիտեն ով իրավունք ունի ապրելու, ում պետք է այրել կրակի վրա, ում անմիջապես մորթել:
Կեղտոտ հոգիներով մարդիկ, միշտ հիշեք, որ 1915 թվականին ձեր նման մտածող անսիրտ ու անողնաշար թուրքերը մորթեցին մեկ ու կես միլիոն հայերին, ձեր մտածելակերպն ունեին:

Նախ ձեր կեղտոտ հոգիները մաքրեք, հետո փորձեք ուրիշի փոշիները թափ տալ:

6.7.11

Նամակս քեզ եմ ուղղում, որ գնում ես ու քո ընկերներին մենակ թողնում

Հեռանում ես` փորձելով գտնել քո անվտանգությունն ու հանգիստը սարերից այն կողմ: Ընտրության առջև ես կանգնում, ուզում ես հասկանալ, իսկ ի՞նչն է լավ` մնալ հարազատների հետ սեփական երկրում և ապրել կապանքների մեջ, թե լքել ու նոր կյանք ստեղծել այնտեղ, որտեղ քեզ միգուցե չեն էլ սպասում:
Հասկանում եմ, ես էլ դեռ 19 տարեկան էի, երբ իմ ազատությունն էի փնտրում Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին: Կարծես ամեն ինչ ունեի այնտեղ` աշխատանք, ընկերներ, լավ միջավայր: Բնակվում էի Նյու Ջերսի նահանգի մի գողտրիկ քաղաքում` օվկիանոսի ափի մոտ: Մի՞թե սա էի ուզում: Ոչ, դեռ ավելին, երջանիկ եմ, որ չորս ամիս հետո մեկ օրում որոշում կայացրեցի ու չվեցի իմ երկիր:
Հետ եկա, որ ապրեմ, հետ եկա, որ պայքարեմ մարդու իրավունքների համար, հետ եկա, որ հավասարություն պահանջեմ,  օգնեմ նրանց, ովքեր օգնում եմ իմ ու քո մայրերին ու քույրերին, հասնեմ նրանց, որքեր մեր անուշիկ փիսիկների ու շունիկների կյանքի համար են դողում, կանգնեմ նրանց կողքին, ովքեր ամեն ծառին սեր են տալիս, որ ես ու դու այդ ծառի տված օդը վայելենք, շնորհակալություն հայտնեմ նրանց, ովքեր մեր տատիկներին ու պապիկներին են աջակցել, երբ մենք բացակայել ենք, ի վերջո եկա, որ իմ ու քո իրավունքները պաշտպանեմ:
Ես չեմ խռովում, երբ դու հեռանում ես Հայաստանից ու ոչ մի քայլ չես անում քեզ հավասար մարդկանց օգնելու համար կամ քո կյանքը քո երկրում բարելավելու համար: Ես ուղղակի ցավ եմ ապրում, որ մեր պետությունը հոգ չի տանում քեզ պահելու ու աջակցելու համար, չի գիտակցում իր կորստի մասին:
Եթե հիմա կարդում ես նամակս ու դեռ մտածում. «գնամ, ոնց գնամ, ուր գնամ», խնդրում եմ մի գնա, սա է քո տունը, իսկ տունը նախ կառուցում են, հետո ապրում, ուրիշ ոչ ոք քո համար տուն չի կառուցի: Արի միասին կառուցենք այն, մեկս հիմքը կգցենք, մյուսը պատը կշարի, մեկն էլ մեզանից հետո կգա ներքին հարդարումը կանի ու կկահավորի այն: